Հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

20/08/2018

Տնօրենն  օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Կազմակերպության  գործունեությունը  և կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Տնօրենն ապահովում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունները, կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացի ընդհանուր կազմակերպումն ու վերահսկումը, վերջիններիս առողջության պահպանման նկատմամբ բժշկական հսկողության իրականացումը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ՀՀ սանիտարական օրենսդրության պահանջների պահպանումն ու հսկողությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրումն ու ամփոփումը, ինչպես նաև քրեակատարողական բժշկության ոլորտի վիճակագրական հաշվետվական գործընթացը: Օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և Կազմակերպության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ: Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ, չափահաս քաղաքացիները, որոնք տիրապետում են գրական հայերենին։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) համապատասխան  բնագավառի  (բժշկական) բարձրագույն կրթություն.

բ)       ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Հարկերի մասին», «Գնումների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներ, ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 11-ի «Հայաստնի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում, համապատասխան ոլորտի, Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

դ)  պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.

ե) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

զ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ը) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

թ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

ժ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում,

բ) մեկ լուսանկար՝ 3x4 չափսի,

գ)  անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,

դ)  քաղվածք` աշխատանքային գրքույկից,

ե)  ինքնակենսագրություն,

զ)  բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

է) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող  ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները,

      ը)  կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

      թ) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

      ժ)  հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

     ի)   բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

Մրցույթը կկայանա 2018 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 14:30-ին, ՀՀ արդարադատության նախարարության վարչական  շենքում՝ ք. Երևան Վ. Սարգսյան 3/8 հասցեում:

Դիմող ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 12:30:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի ցանկին ծանոթանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: