Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում դեպոնացման ինստիտուտը կլրամշակվի. Փաստինֆո

29/07/2014

 ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ամբողջությամբ ավարտվել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի քննարկումները: Աժ պատգամավորների ներկայացրած առաջարկություններն այժմ ամփոփվում են աշխատանքային խմբի կողմից:

 Ուստի՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին «Փաստինֆո»-ն խնդրեց ամփոփել ԱԺ-ում կայացած շուրջ կես տարվա քննարկումների արդյունքները: «Քրեական դատավարության օրենսգիրքը շատ մանրամասն քննարկվեց ԱԺ-ում` սկսած այս տարվա հունվար ամսից: Հոդված առ հոդված մենք քննարկելով գնացել ենք առաջ: Քննարկումները շատ կառուցողական էին, արդյունավետ, որովհետև դրանց հիման վրա մենք արդեն ունենք ինստիտուտներ, որոնք ենթարկվելու են փոփոխության»,- ասաց Արման Թաթոյանը` հավելելով. «Կարևոր հարցն այն է, որ հիմա ամփոփենք, վերջացնենք և կարողանանք նաև մյուս շահագրգիռ մարմինների հետ էլ վերջնական քննարկում իրականացնել»: Հարցին, թե պատգամավորներն ինչպե՞ս գնահատեցին Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, Արման Թաթոյանը պատասխանեց. «Գնահատականը, իհարկե, դրական էր, որովհետև սկզբունքային լուծումներ են, ճիշտ է` նոր, բայց այդ սկզբունքային լուծումներն ուղղված են մեր միջազգային պարտավորությունների կատարմանը, և, որ շատ ավելի կարևոր է, անձի իրավունքների ապահովմանը` քրեական վարույթում: Այն չարաշահումները, որ այսօր հնարավոր է տեղի ունենան պրակտիկայում՝ գործող օրենսգրքի թերի կարգավորումների արդյունքում, խնդիր ունենք վերացնելու: Այստեղ խնդիր կա նաև ամփոփելու Վճռաբեկ դատարանի դատական պրակտիկայի ձևավորած չափանիշները, Սահմանադրական դատարանի ձևավորած չափանիշները և մեկտեղել մեկ միասնական հարկի տակ»:   

 Արման Թաթոյանից նաև հետաքրքրվեցինք, թե կա՞ն արդյոք նախագծում սկզբունքներ, որոնք ընդհանրապես անընդունելի էին պատգամավորների համար: «Չեմ կարծում, թե կային սկզբունքներ, որոնք ընդհանրապես անընդունելի էին, պարզապես կան սկզբունքային հարցեր, որոնց վերաբերյալ մեր ԱԺ գործընկերներն ունենան այլ դիրքորոշում: Մենք դրանք քննարկել ենք, ներկայացրել մեր հիմնավորումները, թե ինչու ենք այդպես նախատեսել, և, իհարկե, ունենք նաև մեր գործընկերների հիմնավորումները»,- ասաց Արման Թաթոյանը, այդուհանդերձ, չթաքցնելով, որ որոշ հարցերի շուրջ իրենք համաձայնել են պատգամավորների տեսակետին, կատարել համապատասխան փոփոխություններ: «Օրինակ` հենց  դատավարական սանկցիաների հետ կապված: Մենք ունենք դատավարական սանկցիա` «դատական նիստերի դահլիճից հեռացնելը»: Եթե այս սանկցիան մեղադրյալի նկատմամբ կիրառվում է առաջին և երկրորդ անգամ, դատական վարույթը հետաձգվում է, եթե երրորդ անգամ շարունակվում է դատական սանկցիայի կիրառության հիմքը պահպանվել, ապա դատական նիստը շարունակվում է առանց մեղադրյալի ներկայության: Հետագայում արդեն դատական ակտի հրապարակման ժամանակ անազատության մեջ գտնվող մեղադրյալի ներկայությունը դառնում է պարտադիր: Մեր գործընկերների կողմից առաջարկություն ներկայացվեց` ևս մեկ հնարավորություն տալ մեղադրյալին ներկա գտնվելու, օրինակ` վերջին խոսքի ժամանակ, և մենք այստեղ որևէ խնդիր չենք տեսնում»,- նշեց մեր զրուցակիցը: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում՞