ՀՀ արդարադատության նախարարի ելույթը՝ «Թվինինգ» ծրագրի փակման միջոցառմանը

15/08/2014

 Ողջունում եմ ձեզ հարգարժան պարոն դեսպան,

 հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է համագործակցությունը միջազգային գործընկերների և, մասնավորապես, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության հետ:

 Եվրոպական Միությունը մեր այն գործընկերներից է, ով ակտիվորեն աջակցում է Հայաստանի Հանրապետությանը՝ ժողովրդավարական պետության ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության առավել արդյունավետ համակարգի ներդրման հարցում: Այդ կարևոր աջակցության դրսևորում էր Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի շրջանակներում Թվինինգ (Twining) ծրագրի ֆինանսավորումը, որը մեծապես նպաստեց իրավական փոխօգնության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների ամրապնդմանը: «Թվինինգ» ծրագրի իրագործման հարցում մեզ աջակցել են նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միջազգային իրավական համագործակցության  հիմնադրամը և Լատվիայի Արդարադատության նախարարությունը: Դժվար է գերագնահատել այն կարևոր նշանակությունը, որ ունեցավ ծրագիրը Արդարադատության նախարարության կարողությունների ամրապնդման հարցում: Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, իրականացված միջոցառումներն առանցքային էին քրեական և քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության, բաժնետիրական ընկերությունների, անձնական տվյալների պաշտպանության ոլորտի եվրոպական երկրների օրենսդրական փորձի ուսումնասիրության և մեր երկրում այն ներդնելու առոււմով:

 Անցած երկու տարիների ընթացքում Հայաստան այցելած ԵՄ փորձագետներն իրենց մեծ փորձառությամբ ու հմտություններով են կիսվել նախարարության և գործընկեր մարմինների անձնակազմերի հետ՝ նրանց ներկայացնելով ԵՄ առաջավոր պետությունների փորձը: Կազմակերպվել են վերապատրաստման ծրագրեր ոչ միայն Արդարադատության նախարարության աշխատակիցների, այլև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների, դատախազների, փաստաբանների համար: Ծրագրի փորձագետները առանձնահատուկ օժանդակություն են ցուցաբերել նաև նորաստեղծ Արդարադատության ակադեմիան՝ ուսումնական ծրագրերի մշակման և ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում: Ծրագրի շրջանակներում մշակվել է նաև Հայաստանում ԵՄ օրենքների իրավական մոտարկման մեթոդաբանության ձեռնարկ: Մեծածավալ աշխատանք է տարվել Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ի կարողությունների ամրապնդման ուղղությամբ: «Թվինինգ» ծրագրի փորձագետներն ակտիվ աշխատանք են տարել կենտրոնի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ և օժանդակել կենտրոնին՝ համակարգչային ծրագրերի ապահովմամբ:

 Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությանը, Գերմանիայի միջազգային իրավական համագործակցության հիմնադրամին և Լատվիայի Արդարադատության նախարարությանը՝ «Թվինինգ» ծրագրի ֆինանսավորման, ինչպես նաև կատարած  ներդրումների և ցուցաբերած աջակցության համար: Հույս ունեմ, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակական՝ իրենց նպաստը բերելով մեր երկրում մարդու իրավունքների ապահովմանը և արդարադատության համակարգի զարգացմանը:

ՀՀ արդարադատության նախարար

Հովհաննես Մանուկյան