Քննարկվել է ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաև դատավորների գնահատման ու առաջխաղացման ընթացակարգը

27/08/2014

 Օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարությունում, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաև դատավորների գնահատման ու առաջխաղացման ընթացակարգի վերաբերյալ հանրային քննարկում: Վերջինին մասնակցել են ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: 

 Հանրային քննարկման նպատակը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների միջև մտքերի փոխանակումն էր՝ դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաև առաջխաղացման գործող կարգի հնարավոր բարեփոխումների վերաբերյալ:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և կարևորել օրակարգում ընդգրկված հարցի անհրաժեշտությունը: Նա  պատրաստակամություն  է հայտնել լսել բոլորի կարծիքներն ու կառուցողական առաջարկները:

 ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հովհաննես  Հովակիմյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ դատական օրենսգրքում՝ դատավորներին նշանակելու, գնահատելու, խրախուսելու, կարգապահական տույժերի ենթարկելու և դատավորների անկախությունն ամրապնդելու կառուցակարգերի առնչությամբ կատարված փոփոխություններն ու լրացումները:

 Նա տեղեկացրել է, որ դատավորների թեկնածուների թեստավորումն ու նշանակումը կարգավորող համապատասխան օրենսդրությունը վերանայված և ընդունված է:  «Այս փոփոխության շնորհիվ դատավորները կընտրվեն և կնշանակվեն Արդարադատության խորհրդի կողմից օբյեկտիվ և թափանցիկ գործընթացով` կիրառելով նաև համակարգչայնացված ընթացակարգ»,- նշել է Հովհաննես Հովակիմյանը:

 Փոփոխության արդյունքում Արդարադատության խորհրդում հարցազրույցների ընթացակարգն արդեն կարգավորվում է օրենքով, իսկ վերանայված օրենսդրությունը կիրառվում է բոլոր նոր դատավորների թեկնածուների նկատմամբ:

 Դատական օրենսգրքում կատարվել է նաև համապատասխան լրացում, որը հնարավորություն է ընձեռում կարգապահական պատասխանատվության ենթարկելու նաև դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց:

 Նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Հովակիմյանը կարևորել է նաև օրենսդրական այն փոփոխությունը, համաձայն որի, ՀՀ նախագահը այսուհետ կամ հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցուցակը կամ այն վերադարձնում է Արդարադատության խորհուրդ` պահանջելով նոր քննարկում:

 Քննարկմանը ներկա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես դատավորների քննության ողջ գործընթացն առավել թափանցիկ դարձնելու, ապագա դատավորի անձնային հատկանիշները՝ նրա հուզական վիճակը, կողմնորոշվելու ունակությունը և այլ հոգեբանական հատկանիշների գնահատման համար  համապատասխան մասնագետ-հոգեբաններ ներգրավելու վերաբերյալ:

 Հովհաննես Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել առաջարկների ու կարծիքների համար և ընդգծել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է հանրային քննարկումների և, հատկապես, հասարակական կազմակերպությունների դերակատարությունը` դատաիրավական բարեփոխումներ իրականացնելիս, իսկ բարձրացված հարցերը հաշվի կառնվեն հետագայում կատարվող օրենսդրական բարեփոխումների ժամանակ: