«Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին - երկրորդ փուլ»-ի մասին

24/09/2014

ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին - երկրորդ փուլ» ծրագրի Վերահսկող կոմիտեի նիստը, որը նախագահել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան,  ինչպես  նաև՝ ՀՀ արդարադատության, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունների, Արդարադատության խորհրդի, Գլխավոր դատախազության, Վճռաբեկ դատարանի, Փաստաբանների պալատի և քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչներ:

Նախարարը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին–երկրորդ փուլ» ծրագրի իրականացման աշխատանքները: «Հայաստան-Եվրոպական Միության համագործակցության ձևաչափում շատ կարևոր է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – երկրորդ փուլ» ծրագիրը, քանի որ այն ԵՄ- Հայաստան հարաբերությունների զարգացման ինքնատիպ գործիք է»,-նշել է նախարարը: Նրա խոսքով՝ այս համաձայնագիրի շնորհիվ ՝ հնարավոր կլինի ունենալ էական շարունակական բարեփոխումներ և զգալի արդյունքներ Հայաստանի համար առանցքային հինգ ոլորտներում` անկախ, թափանցիկ և հաշվետու արդարադատություն, արդյունավետ և հասանելի արդարադատության համակարգ, քրեական օրենսգրքի և այլընտրանքային պատժի համակարգերի վերանայում, հանրությանը տրամադրվող ծառայությունների որակ, քրեակատարողական համակարգի բարեփոխում:  Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է նաև դատական համակարգին առնչվող  ձեռքբերումները՝ ընդգծելով դատական ինքնակառավարման մարմիններին վերապահված դերի, դատավորների թեստավորման ու նշանակման, նրանց գնահատման ու առաջխաղացման, առավել արդյունավետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում իրականացվող բարեփոխումները: «Այս բոլոր թիրախային ոլորտներում կատարվելիք փոփոխություններն ուղղված են ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության երկարատև գործընթացի ապահովմանը:»,-ասել է նախարարը՝ մաղթելով բոլորին արդյունավետ աշխատանք: 

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան կարևորել է  համագործակցային այս մակարդակը՝ շեշտելով, որ  այն ուղղված է արդարադատության ոլորտում որակական առաջընթաց ապահովելուն, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը պետական կառավարման ոլորտի աշխատանքներին  մասնակից դարձնելուն: Դեսպանը  ներկայացրել է  ծրագրի շրջանակներում կատարած  աշխատանքները՝ նշելով, որ կան լուրջ ձեռքբերումներ: «Ստեղծվել է փաստաբանների դպրոցը, դատավորների ընտրության ընթացակարգում ներդրվել է պատահական ընտրության կարգը, ընդլայնվել և բարելավվել է  անվճար իրավաբանական ծառայության մատուցման որակը, կառուցվել է երկու և վերակառուցվել յոթ դատարանի շենք, ինչպես նաև՝ քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով տեղակայվել է քսանվեց տեղեկատվական տերմինալ»,-հավելել է  դեսպանը: Ըստ նրա՝ այժմ աջակցությունը լինելու է անկախ, թափանցիկ և հաշվետվական դատական համակարգ, արդյունավետ և թափանցիկ արդարադատություն, մատուցվող ծառայությունների բարձր որակ, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներ ապահովելու ուղղություններով:

Արդարադատության նախարարի տեղակալ  Արտյոմ Գեղամյանը ներկայացրել է Ծրագրի երկրորդ փուլի մանրամասները՝ խոսելով դրա շրջանակներում ընդգրկված թիրախային ոլորտների, նպատակների և սկզբունքների մասին: Նա անդրադարձել է  դատավորների վարքագծի նոր պարզեցված կանոնակարգի ընդունման հարցերին, դատավորների գնահատման չափանիշներին, վիճակագրության վարելու գործընթացի և էլեկտրոնային համակարգի ներդրման հիմնախնդիրներին:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի բարեփոխումների ներկա վիճակը: Խոսելով  ոլորտում ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգի մասին, նշել է, որ այն  ապահովել է որակական լուրջ աճ: «Ներկայում աշխատանքները  իրականացվում են շատ կարճ ժամանակում և մաքսիմալ արդյունավետ, այնուամենայնիվ մենք շարունակական բարելավում  ենք ապահովվելու», -հավաստիացրել է Սուրեն Քրմոյանը:

Հարցուպատասխանի ժամանակ իրավապաշտպաններից մեկը հետաքրքրվել է, այս բարեփոխումների գործընթացին  քաղաքացիական հասարակության մասնակցության մեխանիզմներից: Նախարարը պատասխանել է, որ կառավարությունն իր առջև նպատակ է դրել հանրային սեկտորին հնարավորինս մասնակից դարձնել պետական կառավարման ոլորտին առնչվող որոշումների ընդունման գործընթացին: «Բայց, նախ, պետք է հասարակությանը ինֆորմացիա տանք, որպեսզի այն ավելի արդյունավետ կարողանա ապահովել իր մասնակցությունը՝ թե պետության, թե քաղաքացիական հասարակության շահերի իրացման համար՝ հանուն համընդհանուր շահերի ու նպատակների», հավելել է նախարարը:

Ամփոփելով նիստում հնչած կարծիքները՝ նախարարը հույս է  հայտնել, որ այս համագործակցությունը կշարունակվի՝ կարևորելով դատական և իրավական բարեփոխումները, որոնք նոր որակ կհաղորդեն մարդու իրավունքների պաշտպանությանը: «Մենք շահագրգիռ ենք, որպեսզի այս ողջ գործընթացում ապահովվի քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը»,-եզրափակել է Հովհաննես Մանուկյանը: