Աղբյուրի բացահայտման դեպքերը ծանրագույն դեպքերում են լինում. ՀՐԱՊԱՐԱԿ

07/10/2014

 Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ որպես փոխնախարար ու ՀՀ քաղաքացի, ծանոթ է դատական այն որոշմանը, որով պահանջում են «Հրապարակ» օրաթերթից ու ilur.am կայքից աղբյուր բացահայտել: Հիշեցնենք, որ խոսքը Գյումրիում տեղի ունեցած միջադեպին է վերաբերում, երբ տեղի ոստիկանապետ Վ. Նադարյանը բռնություն էր գործադրել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եւ նրա եղբոր նկատմամբ:Պարոն Մկրտչյանը, սակայն, ծանոթ չէ փաստերին որպես իրավաբան, հետեւաբար, դժվարանում է որեւէ գնահատական տալ: «Ցանկացած դատական գործընթացի» փաստերին ծանոթ լինելը նաեւ չի մտնում արդարադատության փոխնախարարի պաշտոնական պարտականությունների մեջ:

-Այդուհանդերձ, այդ դեպքին ծանոթ եք եւ գիտեք, որ լրատվամիջոցից պահանջում են աղբյուր բացահայտել: Դուք՝ որպես արդարադատության համակարգի պաշտոնյա, ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը, որ այսօր Հայաստանում լրատվամիջոցից պահանջում են աղբյուր բացահայտել:

- Աղբյուրի բացահայտման վերաբերյալ կան Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպեր, որոնք տալիս են չափանիշներ: Միանշանակ պատասխան Ձեր հարցը չունի, որ չի կարող չբացահայտվել աղբյուրը, աղբյուրի բացահայտման դեպքեր կան, բայց դրանք ծանրագույն դեպքեր են լինում, եւ հակառակը, թե ինչ կանոններ, ինչ փաստական հիմքեր կան մինչ այդ աղբյուրի բացահայտման պահանջը ներկայացնելը:

- Ըստ Ձեզ, Հայաստանում մամուլի ազատության խնդիր ունե՞նք, թե՞ ոչ, եւ ինչքանո՞վ է մամուլն ազատ մեզանում:

- Ըստ իս՝ մամուլի ազատությունը Հայաստանում գտնվում է բավարար մակարդակում, մենք ունենք ազատ մամուլ, առանձին դեպքերում վերցրած՝ շատ ավելի ազատ մամուլ, քան անհրաժեշտ է մեր հասարակությանը, համենայնդեպս, մամուլի ազատության ցուցիչի առումով ես չեմ տեսնում որեւէ բացասական ազդեցություն այս փուլում, որ մամուլի ազատությունը կարող է որեւէ ձեւով վտանգված լինել, նաեւ միջազգային գնահատականներն են խոսում այն մասին, որ մեզ մոտ մամուլի ազատությունը գնալով աճում է:

- Իսկ նման դեպքերը՝ մամուլին ճնշելու, դատի տալու, աղբյուր բացահայտելու պահանջ ներկայացնելու, արդյոք չե՞ն կաշկանդում մամուլի ազատությունը:

- Ես կարծում եմ՝ հարցի ճիշտ պատասխանը պետք է նայել հիմնարար իրավունքների շրջանակում, եթե մենք ճիշտ հասկանանք իրավունքները, իրավունքի կրողը մարդն է, մամուլի ազատությունը մարդու խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու իրավունքն է, մյուս կողմից՝ մարդու մեկ այլ իրավունքներ գոյություն ունեն, որոնք նույնպես անհրաժեշտ է պաշտպանել, եւ միշտ բնական բախումներ են տեղի ունենում այդ իրավունքների առումով, եւ դրա համար է քաղաքակրթությունն ստեղծել դատական համակարգ, որ իրավունքների բախման ժամանակ, կոնկրետ փաստերն ստուգելով տեսնել, թե որ իրավունքի է պետք տալ առավելություն: Դրա համար ճիշտ պատասխանը որոնելիս ես խորհուրդ կտամ հարցը նայել մարդու ազատությունների շրջանակում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: