Ներկայացվել է սոցիալական երկխոսության և համագործակցության եվրոպական մոդելը

13/10/2014

 ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կազմակերպած գործնական երկօրյա դասընթացին:

 Ավստրիայի Ֆեդերալ աշխատանքային պալատի Աշխատանքային շուկայի և ներգրավման քաղաքականության գրասենյակի փոխտնօրեն Գերնոտ Միտտերը մասնակիցներին է ներկայացրել եվրոպական երկրներում սոցիալական երկխոսության և համագործակցության մոդելը, և այդ համատեքսում քննարկել Հայաստանում իրականացվող կարգավորիչ բարեփոխումները:

 Գերնոտ Միտտերն ընդգծել է, որ սոցիալական երկխոսությունը նպաստում է օրենսդրական արդյունավետ կարգավորումներ ունենալուն և Կառավարության ու Ազգային Ժողովի որոշումների ընդունման բարձր մակարդակին: Նրա խոսքով՝ ավստրիական փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարող է արդյունավետ գործող սոցիալական երկխոսությունն աջակցել երկարաժամկետ տնտեսական զարգացմանը և բարելավել հասարակության կենսամակարդակը: «Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումները Հայաստանի հետագա զարգացման գործում դրական ազդեցություն կունենան: Հայաստանը մրցակցային կարևոր առանձնահատկություն ունի՝ ուսյալ և ներգրավված քաղաքացիներ: Այս հարստությունը հարկավոր է օգտագործել ի նպաստ Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման»,- նշել է գրասենյակի փոխտնօրենը և հավելել, որ գործարարների ներգրավումը հանրային որոշումների կայացման գործընթացում այդ ներուժն օգտագործելու ուղղություններից մեկն է:

 Գործնական դասընթացին ներկայացվել է նաև սոցիալական երկխոսության ավստրիական փորձը և այս ոլորտում գործող կառույցների առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծման նախընտրելի ուղիները:

 Դասընթացն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Ավստրիայի զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր հանդիսացող Ավստրիական զարգացման գործակալության համատեղ աջակցությամբ: