Քննարկվել են ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները

24/10/2014

 ՀՀ արդարադատության նախարարության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ համագործակցության շրջանակներում, հոկտեմբերի 23-ին անցկացվել է «ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են համակարգում առկա իրավիճակը, գործող մեխանիզմի թերությունները, համակարգի բարեփոխման և արդյունավետության բարձրացման ուղիները:

 ՀՀ ԱՆ աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանը նշել է, որ բավականաչափ դիմում-բողոքներ են ստանում դատապարտյալներից, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից՝ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ: «Այս հարցադրմանն է անդրադարձել Սահմանադրական դատարանը 2008 թվականի որոշման մեջ, նշելով` ՀՀ-ում բացակայում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հստակ սահմանված չափանիշները: Ունեցել ենք նաև Եվրոպայի նախարարների կոմիտեի հանձնարարականները, որտեղ կրկին անդրադարձ է կատարվել այդ չափանիշներին, մանրամասն վերլուծվել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգերը:  Հաշվի առնելով այդ ամենը՝ Արդարադատության նախարարությունն ավարտել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշների ներդրման  վերաբերյալ հայեցակարգի նախագծի մշակումը: Առաջիկայում նախագիծը կդրվի շրջանառության մեջ, կուղարկվի շահագրգիռ մարմիններին, ինչպես նաև կհրապարակվի նախարարության պաշտոնական կայքում»,- տեղեկացրել է Նորայր Բալայանը:

 Քննարկման ընթացում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը նշել է, որ «Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի թերությունները հանգեցրել են մի շարք լուրջ խնդիրների: Քրեակատարողական հիմնարկները գերբնակեցված են: Բայց ամենակարևորը, որ գործող համակարգը թույլ չի տալիս կատարել կրկնահանցագործության ռիսկի գնահատում և հանցագործություն կատարած անձանց վերականգնողական ծրագրեր չի առաջարկում: Սա խոչընդոտում է պատիժը կրելուց հետո անձի ռեսոցալիզացիային և կարող է հանգեցնել կրկնահանցագործության»:

 Աշխատաժողովն անցել է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում: