Արամ Սարգյանի խորհուրդը համակարգի աշխատողներին

20/03/2015

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արամ Սերգեյի Սարգսյանին հանձնել է ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալը: Փոխանցելով նախարարի շնորհավորանքը՝ Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել Արամ Սարգսյանին երկարամյա ծառայության և համակարգում ունեցած ավանդի համար:

 Արամ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել տարիների աշխատանքը գնահատելու համար՝ շեշտելով, որ չնայած չի կարող գնահատել իր աշխատանքի լավ կամ վատ կողմերը, բայց այսօր կարող է հանգիստ ասել, որ 35 տարվա ընթացքում անփորձանք է աշխատել: Նա ընդգծել է, որ տասներկուերորդ դարի մեր հոգևոր առաջնորդի անվան մեդալն առավել պարտավորեցնող է:

 «Ես բավարարված եմ, հպարտ եմ ու հուզված: Արդեն չլինելով շարքում՝ ուզում եմ ասել ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է գնդապետ Սարգսյանը: Անդրադառնալով իր բազմամյա ծառայությանը՝ նա նկատել է, որ քրեակատարողական համակարգի աշխատողի համար առաջնային են հատկապես անձնային որակները: Հիշելով աշխատանքային որոշ դրվագներ՝ Ա. Սարգսյանն ասել է, որ իր աշխատանքային փորձը մի խորհուրդ է իրեն հուշել. «Իհարկե համակարգ գալը կարևոր է, բայց անհամեմատելի է աշխատանքից դուրս գալուց հետո թողած անունը»...