Դատապարտյալների համար մեկնարկել է «Գրական զրույցներ» ծրագիրը

27/05/2015

 Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ այսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարության  և  Երևանի գրողների միության վարչության, Հայ մտավորականների և մշակույթի գործիչների խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում մեկնարկել է դատապարտյալների համար նախատեսված «Գրական զրույցներ» ծրագիրը:

 Ողջունելով ներկաներին՝ ՀՀ արդարադատության նախարարության Օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը նշել է, որ համատեղ նախաձեռնությունը դատապարտյալների համար էական  խթան է գրական աշխարհին հաղորդակցվելու գործում: Նա կարևորել է դատապարտված անձանց համար գրականության և, ընդհանրապես, սովորելու հանդեպ հետաքրքրվածությունը՝ որպես օրինակ բերելով նույն քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանուկ Սահակյանին, ով երեկ բարեհաջող հանձնել էր ԲՈՒՀ-ի ավարտական քննությունը: Մինասյանը շնորհակալություն է հայտնել գրողներին՝ նշելով, որ նման միջոցառումները շարունակական են լինելու:

 Նախաձեռնության համահեղինակ, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Սփինյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ արդարադատության նախարարին իրենց մտահղացմանն  աջակցելու համար,  հորդորել է ներկաներին անկաշկանդ զրույց ունենալ և տալ հուզող հարցերը: Ափինյանը  կարևորել է փակ միջավայրում ապրողների համար ընթերցելու հնարավորություն ունենալու անհրաժեշտությունը:  Նա հիշել է այն գրողներին, որոնք իրենց կյանքի որևէ փուլում հայտնվել են կալանավայրում և  չեն դադարել ստեղծագործել, անգամ շատ արժեքավոր գործեր են մեզ ժառանգել, որոնք վկայում են մարդկային կամքի անկոտրունությունը: Ափինյանը դատապարտյալներին խնդրել է չկտրվել գրքից և  հնարավորինս ժամանակ տրամադրել ընթերցանությանը:

 Հանդիպման մասնակից  բանաստեղծները դատապարտյալների համար ընթերցել են իրենց գործերը: Բանաստեղծ Հարություն Հովնաթանը, ներկայացնելով հայ մարդու ծագման և հայոց լեզվի աստվածային էությունը՝  նշել է, որ կարևոր չէ, թե մարդը որտեղ է գտնվում, կարևորը, թե ուր է նա նայում: Այս մտքի շուրջ էլ դատապարտյալները հարցեր են ուղղել Աստվածաշնչից, գրական տարբեր հերոսներից և մարդկային էության անկատարությունից: Հետաքրքիր զրույց է ծավալվել մեղքի,  արարչագործության և բանտված հոգիների շուրջ:

 Անկեղծ մթնոլորտում իրականցված առաջին գրական զրույցները ոգևորել են գրողներին, ովքեր գրքեր և գրական ամսագրեր  են նվիրել դատապարտյալներին և խոստացել նորից այցելել նրանց:

«Գրական զրույցներ» ծրագրի շրջանակում Երևանի գրողների միության վարչության ու Հայ մտավորականների և մշակույթի գործիչների խորհրդի անդամները նախատեսում են այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկներ: