Միացյալ նահանգների կառավարությունը կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին

01/06/2015

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրներին: ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է նման համակարգ ունենալու նշանակությունը՝ մանրամասնելով համակարգի ստեղծման և գործարկման անհրաժեշտությունը արդարադատության մատչելիության և հանրային իրազեկման համատեքստում:

 Հանդիպմանը քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված առաջնահերթությունների, ինչպես նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքների հանրային իրազեկման և այլ հարցերում Միացյալ Նահանգների հետ հնարավոր համագործակցության հարցեր:

 ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերահաստատել է Միացյալ Նահանգների կառավարության հանձնառությունը նպաստելու արդարության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: