Տեղի է ունեցել որդեգրման բնագավառի օրենսդրական բարեփոխումների հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

04/06/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հունիսի 3-ին Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված որդեգրման բնագավառի օրենսդրական բարեփոխումների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական ընդլայնված նիստը։

 Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի,  «ՅՈՒՆԻՍԵՖ» հայաստանյան գրասենյակի և  «Սեյվ դը Չիլդրեն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները, ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետն ու պատասխանատուաշխատակիցները: 

 Նիստի ընթացքում, համաձայն նախօրոք ձևավորված օրակարգի, քննարկվել են  «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության սոցիալական վարչության եզրակացությունը, «Յունիսեֆ» Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ Միջազգային սոցիալական փորձագետների կողմից որդեգրման և միջպետական որդեգրման վերաբերյալ տրված ամփոփ առաջարկությունները և «Սեյվ դը Չիլդրեն Հայաստան» կազմակերպության կողմից ներկայացված առաջարկությունները։

 Քննարկումների ընթացքում անդրադարձել են խնամակալության, խնամատարության և որդեգրման ինստիտուտների բարեփոխման հետ կապված մի շարք հրատապ հարցերի:

 Սուրեն Քրմոյանը ողջունելով աշխատանքայի խմբի անդամներին՝  շնորհակալություն է հայտնել նրանց արդյունավետ համագործակցության համար և  ընդգծել այս հանդիպման կարևորությունը՝ ևս մեկ անգամ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը վերանայելու, հրատապ լուծում պահանջող խնդիրները արձանագրելու, որդեգրման կարգի կատարելագործման և կոռուպցիայի ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար: Նախարարի տեղակալը ընդգծել է Ընտանեան օրենսգրքում կատարվող փոփոխությունները հնարավորին սեղմ ժամկետում կատարելու անհրաժեշտությունը` պայմանավորված այն հանգամանքով, որ նախագծում ամրագրված են հրատապ լուծում պահանջող, երեխայի իրավունքները երաշխավորող և այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող կարգավորումներ:

 Հանդիպման ընթացքում, ղեկավարվելով որդեգրման բնագավառում «երեխայակենտրոն» սկզբունքով և կոռուպցիայի ռիսկերի նվազեցման քաղաքականությամբ, որոշում է կայացվել լրամշակել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և  Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2002 թվականի  նոյեմբերի 28 N 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ խստացնելով ապագա ծնող և երեխա համադրումը՝ խստացնելով գործող կարգը։

 Նիստի ընթացքում քննարկվել են նաև որդեգրողների վերապատրաստման անհարժեշտությունը և դրա հետ կապված հիմնական խնդիրները՝ որդեգրման գործընթացների համար ծնողների մասնակցությամբ անցկացնել համապատասխան թեստ, որը ցույց կտա որդեգրող ծնողների հոգեկան հավասարակշռությունը, ինչպես նաև ստեղծել  հատուկ ծնողավարման դասընթացներ՝ ապագա որդեգրող ծնողների համար: Խմբի անդամներն ընդգծել են այն փաստը, որ միայն որդեգրող ծնողների սոցիալական դրությունը լավ նախապայման չէ երեխային նրանց հանձնելու համար և շատ կարևոր հանգամանք է ուսումնասիրել տվյալ ծնողների բարոյահոգեբանական գործոնը: