Կլոր սեղան-քննարկում` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի շուրջ

29/06/2015

 Ծաղկաձորում հունիսի 27-28-ը տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի շուրջ:  

 Նախագծի մշակումն ու քննարկման կազմակերպումն իրականացվել են «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում: 

 Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Ծրագրերի համագործակցության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Դանեղյանը, Սլովենիայի Հանրապետության արդարադատության նախարարության քարտուղար Պիտեր Պավլինը, Իսպանիայի թագավորության Կոմպլուտենսեի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Լորենա Բաքմայեր-Վինթերը,  ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի և Քրեական իրավունքի ամբիոնի վարիչներ Գևորգ Դանիելյանը և Արա Գաբուզյանը, ոլորտի փորձագետներ, ինչպես նաև Արդարադատության նախարարության այլ աշխատակիցներ:

 Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ողջունելով աշխատանքային հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին նման ձևաչափով քննարկումներ կազմակերպելու և նախագծի վերաբերյալ ԵԽ փորձագետների եզրակացությունը տրամադրելու համար: «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագիծն արդեն շրջանառվել է պետական մարմինների միջև, և, ստացված կարծիքներն ամփոփելով, կարծում եմ՝ կունենանք բավական որակյալ փաստաթուղթ»,- ասել է Արսեն Մկրտչյանը` երկօրյա հանդիպման մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

 ԵԽ փորձագետներ Պիտեր Պավլինը և Լորենա Բաքմայեր-Վինթերը բարձր են գնահատել նախագծի աշխատանքային խմբի կատարած ծավալուն աշխատանքն ու, ներկայացնելով նախագծի վերաբերյալ իրենց եզրակացությունը, նշել են, որ վարչական իրավախախտումներին վերաբերող օրենսդրությունը պետք է լիարժեք կարգավորի բոլոր այն ընթացակարգերը, որոնցով պետք է իրականացվի արդարադատությունը և ապահովվի դրա կիրարկման տեսանելիությունը:

 Սլովենիայի Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Պիտեր Պավլինն ընդգծել է, որ եզրակացությունում տեղ գտած մեկնաբանությունները բացառապես վերաբերում են եվրոպական չափանիշներին այդ դրույթների համապատասխանեցմանը, ինչպես նաև իրավական ոճի և համակարգման տեսանկյունից ապագա օրենքում անհրաժեշտ համարվող բարելավումներին:

 Երկօրյա կլոր սեղան-քննարկման ընթացքում ԵԽ փորձագետներն ու նախագծի աշխատանքային խմբի անդամները, հոդված առ հոդված քննարկելով, իրենց դիտարկումներն ու մեկնաբանություններն են ներկայացրել նախագծի վերաբերյալ:

 ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը, ամփոփելով աշխատանքային հանդիպման արդյունքները, նշել է, որ քննարկումները օգտակար են եղել, իսկ ԵԽ փորձագետների գնահատականները՝ ոգևորիչ: