Դեպի վեր

Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր ժողովին

06/07/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը  հուլիսի 5-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր  ժողովին:

  Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  շնորհավորել է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ կարևորելով  նոտարների դերը սահմանադրական բարեփոխումների հետագա քննարկումներում: Անդրադառնալով  հանրային ծառայության ոլորտում նոտարի դերին՝ նա ընդգծել  է նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու քաղաքացիների կողմից դրական գնահատականի արժանանալը: Նախարարը կարևորել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված նոտարների առաջարկները՝ նշելով,  որ դրանց հիմնական մասը հաշվի են առնվել: «Ձեր կողմից որոշ արձագանքներ ենք ստացել, որոնք ձեզ համար մտահոգիչ են ու մշուշոտ: Այս միջոցառման ընթացքում կփորձենք պատասխանել բոլոր հարցերին և  քննարկել նախագծին առնչվող խնդրահարույց կետերը»,-նշել է նախարարը:  

 Այս համատեքստում նա ընդգծել է նոտարի կարգապահությանն առնչվող նոր մեխանիզմները, որոնց կիրառման արդյունքում նոտարը լինելու է ավելի պատասխանատու, միևնույն ժամանակ՝ առավել պաշտպանված: «Այս համակարգն անընդհատ բարեփոխումների կարիք ունի, քանի որ ամենօրյա շփում ունի քաղաքացիների հետ: Դուք պետք է բռնեք   մեր գործընկերային ձեռքը՝ համակարգի կատարելագործման և  սպասարկման որակի բարձրացման նպատակով»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: Նախարարը նոտարներին առաջադրել է 4 հիմնական  խնդիր, որոնց նշանակությունը համակարգի առաջխաղացման հիմքն են՝ սպասարկման որակ, որի հիմնական ցուցանիշը օրինականությունն է և միասնական նոտարական պրակտիկայի կիրառումը, քաղաքացիների հետ շփման որակ, ժամանակին և պարտաճանաչորեն հարկերի վճարում և  ՀՀ նոտարական պալատի նկատմամբ յուրաքանչյուրի պատասխանատվությունը:

 Նախարարը նաև անդրադարձել է պալատի կայացման տեմպերն արագացնելու անհրաժեշտությանը և ինքնակարգավորման մեխանիզմների լիարժեք գործարկման  կարևորությանը: Հովհաննես Մանուկյանը գոհունակություն է հայտնել նախարարության հետ պալատի ամենօրյա սերտ համագործակցությունից՝ կարևորելով պալատի վարչակազմի և առանձին նոտարների  պարտաճանաչ և սրտացավ վերաբերմունքը ընդհանուր գործին: Նախարարը ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով է պարգևատրել Իջևան տարածքի  կենսաթոշակի անցած նոտար Սանամ Հովսեփյանին:

 Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն անդրադարձել է նոտարական միասնական պրակտիկայի կատարելագործման ուղղությամբ համատեղ տարվող աշխատանքներին,  «Էլեկտրոնային նոտար» համակարգի կիրարկմանը՝ կարևորելով  դրա արդյունքում  թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորության բացառումը  և  սպասարկման որակի բարձրացումը:

 Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը շնորհավորել  է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ և  ներկայացրել ՀՀ նոտարական պալատի 2015 թվականի առաջին կիսամյակի  գործունեության հաշվետվությունը, պալատի անդամների գործունեության կազմակերպման համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նոտարական գործողությունների միասնական պրակտիկայի ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումները:

 Հասմիկ Հարությունյանը կարևորել է միջազգային նոտարական կառույցների հետ համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները,  «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված առաջարկների մշակումը և այլն: «Ես հորդորում եմ բոլոր նոտարներին անմասն չմնալ Նոտարական պալատի ձեռնարկած տարաբնույթ միջոցառումներին մասնակցելուց: Պալատի կայացման և զարգացման գործում մեծ է յուրաքանչյուր անդամի  դերը»,- նշել է Նոտարական պալատի նախագահը և շնորհակալություն հայտնել ՀՀ արդարադատության նախարարին և նախարարի առաջին տեղակալին աջակցության և խնդիրների արագ լուծման հարցում արձագանքման և օժանդակության համար: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն