Դեպի վեր

«Փորձագիտական կենտրոն»-ը և «Ֆակտում» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

17/07/2015

 ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ֆակտում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև հուլիսի 17-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գահնապետյանը և «Ֆակտում» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ղարախանյանը:

 Արամ Գահնապետյանը շնորհավորել է ներկաներին հուշագրի ստորագրման կապակցությամբ և նշել, որ արդյունավետ արդարադատության ապահովման հարցում հատուկ նշանակություն ունեցող դատական փորձաքննության դերը ներկայում փոխվել է՝ ելնելով ժամանակակից մարտահրավերների բնույթից և տեխնոլոգիաների զարգացման միտումից: «Վերջին տարիներին ընդլայնվել են փորձաքննության կիրառման ոլորտները և այն, բացի դատավարությունից, օգտագործվում է արդեն առևտրային, ֆինանսական, ինչպես նաև տեղեկատվական գործունեության իրավական կարգավորման ոլորտների ապահովման նպատակով: Այսօր խիստ անհրաժեշտ է զարգացնել հանցագործությունների հակազդման համատեղ մոտեցումները: Դրա իրականացումն առավել արդյունավետ կլինի փորձագիտության և իրավագիտության համագործակցության ակտիվացման պարագայում»,- ասել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը:

 Արամ Գահնապետյանը վստահեցրել է, որ հուշագիրն էական ներդրում կունենա փորձագիտության և իրավագիտության եզրագծում գործնականում ծագող բազմաթիվ խնդիրների լուծման հարցում:

 «Ֆակտում» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ղարախանյանը նույնպես շնորհավորել է բոլորին կարևոր փաստաթղթի ստորագրման համար և նշել, որ ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոնը լուրջ ներդրում ունի Հայաստանում փորձագիտության կայացման գործում: «Կենտրոնի փորձագետներն իրենց փորձով և հմտություններով անուրանալի ավանդ ունեն մեր երկրում արդարադատության իրականացման դժվարին գործում: Մեր երկու կառույցների համագործակցությունը հիմնված է լինելու բացառապես գիտելիքի և փորձի վրա»,- ասել է Հակոբ Ղարախանյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կնպաստեն մեր երկրի և քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության գործին:

 Հուշագրի շրջանակում կողմերը կներգրավվեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող իրավաբանական, ուսումնակրթական բնույթի ծրագրերին, գիտական կոնֆերանսներին, սեմինարներին, կփոխանակվեն գիտական, մասնագիտական գրականությամբ, աշխատություններով, պարբերականներով, կհրատարակեն ու կհրապարակեն համագործակցությանն առնչվող համապատասխան նյութեր:

 Հուշագրի նպատակը փոխադարձ արդյունավետ փոխգործակցության շրջանակի ապահովումն է և կողմերի միջև գործակցության խթանումը փորձագիտության բնագավառում հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն