Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովին

29/07/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 29-ին մասնակցել է «Երեխաների առևանգման, Հաագայի կոնվենցիայի ներքո որդեգրման և սեռական շահագործման միջազգային ասպեկտները» թեմայով համաժողովի:

Միջոցառումը նվիրված է եղել ծնողների կողմից երեխաների առևանգման միջազգային խնդիրներին, Հաագայի կոնվենցիայի շրջանակում իրականացվող որդեգրումների և երեխաների սեռական շահագործման հարցերին:

 Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի, Արտասահմանում Դատախազության աշխատակիցների կատարելագործման, աջակցման և վերապատրաստման գրասենյակի մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը, Արդարադատության նախարարության, ՀՀ դատական համակարգի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Համաժողովի նպատակն էր մեծացնել քննությունների անցկացման, քրեական հետապնդման և դատավարական կարողություններն այնպիսի հանցանքների մասով, որոնցում ներգրավված են անչափահաս տուժողներ, ինչպես նաև մշակել անչափահաս տուժողների պաշտպանության համար անհրաժեշտ օրենքներ ու քննարկել երեխաներին առնչվող ազգային սոցիալական բարեփոխումները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը  բարձր է գնահատել երկու երկրների միջև փոխգործակցությունը և նշել, որ ԱՄՆ-ի փորձը շատ կարևոր է Հայաստանում այս ոլորտի օրենսդրական և գործնական առաջընթացն ապահովելու համար: Վիգեն Քոչարյանը կարևորել է նաև Միացյալ Նահագներում հայկական համայնքի դերը և հույս հայտնել, որ ԱՄՆ-ի հետ երեխաների պաշտպանությանն ուղղված բոլոր աշխատանքները արդյունավետ կլինեն:

Ողջունելով մասնակիցներին՝ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ համաժողովը երեխաների պաշտպանության  հարցերի շուրջ փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռում, թույլ է տալիս դասեր քաղել միմյանց հաջողություններից ու սխալներից  և գտնել համագործակցության ուղիներ այնպիսի իրավիճակներում, երբ առերեսվում ենք երեխաներին առնչվող դժվարին իրավիճակների հետ: 

 Ընդունելով, որ երեխաների պաշտպանության հարցերում Միացյալ Նահանգներն ու Հայաստանն առաջնորդվում են նույն արժեքներով, նա նկատել է, որ որպես գործընկերներ ջանքերը համատեղելով հնարավոր է այնպես անել, որ հասարակության ամենախոցելի  օղակը՝  երեխաները  (հայաստանաբնակ և Հայաստանը տարանցող) առավել պաշտպանված լինեն այն անձանցից,  ովքեր փորձում են առևանգել կամ շահագործել երեխաներին՝ օգտվելով նրանց խոցելի իրավիճակից: 

 Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Արդարադատության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության   աջակցությամբ: