Մեկնարկել է hաշտարարի որակավորման դասընթացը

11/08/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օգոստոսի 11-ին մեկնարկել է hաշտարարի որակավորման դասընթացը, որին մասնակցելու  համար 60-ից ավել  հայտ է ստացվել:

 Դասընթացի հիմնական նպատակն է ձեռք բերել մասնագիտական հմտություններ, մասնավորապես, ուսումնասիրել կողմերին հաշտեցնելու ուղղությունները և կիրառել դրանց մեթոդներն ու ձևերը:

 Հաշտարարի որակավորման դասընթացներն իրականացվում են ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և «Վեճերի արդյունավետ լուծման կենտրոն» անգլիական ընկերության հետ համատեղ՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի աջակցությամբ:

 Հաշտարարի որակավորման առաջին դասընթացին ներկա է եղել նաև Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ դասընթացին մասնակցելու համար ներկայացված հայտերի քանակը երաշխիքն է այն տեսլականի, որ Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտը զարգանալու է:

 Արսեն Մկրտչյանը նշել է, որ հաշտարարության ինստիտուտը գործում է աշխարհի շատ երկրներում, որը և´ ֆինանսապես, և´ ժամանակային տեսանկյունից ձեռնտու է վիճող կողմերին:

 Նա հորդորել է մասնակիցներին կողմնորոշվել մասնագիտացման հարցում՝ հասկանալու համար՝ ո՞ր ոլորտի հաշտարար են լինելու, ինչն էլ կհրապարակվի Հաշտարարի ռեեստրում:

 «Հայ և անգլիացի մասնագետների տված գիտելիքների շնորհիվ ստացած հմտությունները հետագայում լավագույնս դրսևորվելու հնարավորություն կտան»,- նշել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը և ընդգծել, որ դասընթացին հայտ ներկայացրած անձինք ունեն բավական բարձր մասնագիտական որակներ. հայտատուների թվում կան իրավաբաններ, տնտեսագետներ, այլք:

 Համաձայն Հաշտարարների որակավորման դասընթացի ծրագրի՝  դասաժամերի ընթացքում մասնակիցներին կներկայացվի ՀՀ ընտանեկան, աշխատանքային, քաղաքացիական օրենսդրությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ դատական օրենսգրքերը, կանդրադառնան հաշտարարության գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը, գործերի կառավարման հմտություններին, կոնֆլիկտների կառավարմանը,  հաշտարարության գործընթացում հանդիպող առարկությունների հետ տարվող աշխատանքներին, բանակցությունների գործընթացում հաճախորդների շահերի հետ տարվող աշխատանքներին ընտանեկան վեճերի հետ կապված հաշտարարության գործընթացի առանձնահատկություններին և այլն: