Հանրային քննարկման է ներկայացվում «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

20/08/2015

  ՀՀ արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

  Վերջինի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գույքի սեփականատիրոջ և սեփականատեր չհամարվող անձանց իրավունքների տարանջատման և հստակեցման անհրաժեշտությամբ: Գործող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները նախատեսում է նույն գլուխներում: Նախագծով նախատեսվում է առանձին գլուխներով նախատեսել սեփականատիրոջ գույքային իրավունքները և սեփականատեր չհանդիսացող անձանց գույքային իրավունքները:                    

  Բացի այդ, նախագծով ՀՀ քաղաքացիական օրենսդրության մեջ նախատեսվում է ներդնել գույքի սեփականատեր չհանդիսացող անձի՝ իրային իրավունքի առանձնահատուկ տեսակ՝ անձնական սերվիտուտ (ուրիշի գույքի նկատմանբ սահմանափակ օգտագործման իրավունք), ներառյալ՝ ուզուֆրուկտը (ուրիշի գույքն տիրապետելու և օգտագործելու իրավունք):  

  Նախարարությունը կարևորում է Ձեր մասնակցությունը օրենքները բարելավելու հարցում և ակնկալում առաջարկություններ ու մեկնաբանություններ ներկայացված նախագծի շուրջ: