Վկայագրերի հանձնում` որակավորված հաշտարարներին

07/09/2015

 Հայաստանի Հանրապետության նոտարական պալատում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ հաշտարարների որակավորման վկայագրերի հանձնման արարողությունը:

 Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ վեճերի այլընտրանքային լուծման կարևորությունն արձանագրված է Հանրապետության նախագահի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրությունում:

 «Հաշտատարարը, որպես անկողմնակալ, երրորդ անձ՝ օգնելու է   կողմերին վեճն ավարտել հաշտությամբ: Նախկինում հաշտարարություն տեղի էր ունենում դատարաններում, դատավորների միջոցով: Այս նոր կարգավորումով հաշտարար կարող է լինել ցանկացած անձ, իսկ դատարանների կողմից նշանակված հաշտարար կարող է լինել միայն որակավորված հաշտարարը»,- նշեց նախարարի առաջին տեղակալը՝ հաշտարարներին մաղթելով անաչառություն:

 Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց 2015 թվականի համար հաշտարարի որակավորման դասընթացների վերաբերյալ, որին սահմանված ընթացակարգով կարող Էր դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել էր բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չուներ դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

 ՀՀ արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովը 2015 թվականի հուլիսի 30-ի նիստում ուսումնասիրեց և ամփոփեց հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց դիմումները, դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի թեկնածուներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը ՀՀ դատական օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջներին, որի արդյունքում 87 դիմողների թույլատրեց մասնակցել հաշտարարների որակավորման դասընթացներին:

 Հաշտարարների որակավորման դասընթացները մեկնարկեցին 2015 թվականի օգոստոսի 11-ից. այն իրականացրին ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը և «Վեճերի արդյունավետ լուծման կենտրոն» անգլիական  ընկերությունը՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի աջակցությամբ:

 Այնուհետև 2015 թվականի օգոստոսի 25-ին մեկնարկեց հաշտարարների որակավորման քննությունների թեստավորման, իսկ օգոստոսի 27-ին՝ հարցազրույցի փուլերը, ինչից հետո տեղի ունեցավ հաշտարարության որակավորման հանձնաժողովի  նիստը, որի ընթացքում ամփոփվեցին հաշտարարների որակավորման քննության հարցազրույցի փուլի արդյունքները, որի հիման վրա էլ այսօր 56 հաշտարար ստացան որակավորման վկայագիր: