Դեպի վեր

Զարգացումները քրեական արդարադատության համակարգում. պատժից դեպի վերականգնողական մոդել

09/11/2015

 Այսօր Երևանում տեղի է ունեցել «Զարգացումները քրեական արդարադատության համակարգում. պատժողական մոտեցումից անցում վերականգնողական մոդելի» թեմայով համաժողով՝ ուղղված քրեական արդարադատության ոլորտում Մեծ Բրիտանիայի առաջավոր փորձի ներկայացմանը:

 Կոնֆերանսը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համագործակցության ներքո իրականացվող «Բրիտանական հորիզոններ» ծրագրի շրջանակներում:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալ Սուրեն Քրմոյանը, ողջյունելով ներկաներին, կարևորել է միջազգային փորձագիտական կարծիքը ներկայիս ՀՀ  քրեական արդարադատության ոլորտում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ: Սուրեն Քրմոյանը նշել է, որ քրեական պատիժների կիրառումը պետք է դիտարկել որպես գործիք՝ դատապարտված անձի վերադարձը հասարակություն ապահովելու համար:

 Այս համատեսքստում Մեծ Բրիտանիայի Հերթֆորշեր համալսարանի ավագ դասախոս, միջազգային փորձագետ Անդրյու Բերնհարդտը նշել է, որ փորձագետի իր բազմամյա փորձի արդյունքում առնչվել է վերականգնողական արդարադատության իրավակարգավորման մի շարք երկրների մոդելների. դրանցից ամեն մեկն ունի իր առանձնահատկությունը:

 «Ուստի, կարծում եմ, որ Հայաստանը ևս պետք է մշակի իր ուրույն տարբերակը՝ միաժամանակ բաց մնալով նոր գաղափարների համար»,- ասել է Անդրյու Բերնհարդտը՝ հավելելով, որ Հայաստանն այս ոլորտում երկար ճանապարհ ունի անցնելու, սակայն, միաժամանակ, ունի նաև առավելություն՝ չկրկնելու իրենց թույլ տված սխալները:

 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուզի և Մեծ Բրիտանիայի Հերթֆորշեր համալսարանի ավագ դասախոս, միջազգային փորձագետ Անդրյու Բերնհարդտի այցը «Աբովյան» ՔԿՀ, ինչպես նաև Անդրյու Բերնհարդտի կողմից հանրային դասախոսություն ու գործնական դասընթացներ հիմնարկի անձնակազմի համար:     

 Ընդհանուր առմամբ, ծրագիրը հանցագործություն կատարած անձանց հետ աշխատանքում նոր մոտեցումների, միջմասնագիտական գործունեության զարգացման, իրավապահ համակարգի և սոցիալական գործընկերության առաջավոր փորձը լայն հանրությանը և մասնագիտական շրջանակներին ներկայացնելու նպատակ ունի:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն