«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ»

20/11/2015

Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Քննարկումների ընթացքում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ գալիք տարի 16 բյուջետային ծրագրի համար իրենց հատկացվել է մոտ 13 մլրդ դրամ: Բայց նաեւ, խոսելով գալիք տարվա իրականացվելիք ռազմավարական ուղղությունների մասին, նախարարն առաջինը մատնանշեց քրեակատարողական համակարգի անմխիթար վիճակը. «Քրեակատարողական համակարգում մենք ունենք վատ պայմաններ, եւ այդ պայմանները հիմնականում ունեն օբյետիվ հիմքեր, քանի որ որոշ քրեակատարողական հիմնարկներ ժառանգություն ենք ստացել նախանցած դարից»:

Մեկ այլ թեմա եւս Ա. Հովհաննիսյանի խոսքում առաջին պլանում էր: Խոսքը հանրային պաշտպանի ինստիտուտի ներմուծման մասին է. «Թեեւ ծանր սոցիալական պայմաններում ենք, բայց չպիտի մոռանանք, որ մենք սոցիալական պետություն ենք եւ բեռ պետք է ստանձնենք: Հանրային պաշտպանի գրասենյակը` 1 ղեկավարով եւ 50 հանրային պաշտպաններով աջակցում է այն խավին, որը չունի ֆինանսական միջոցներ` բարձրակարգ իրավական օգնություն ստանալու»: Ուստիեւ՝ այս տարի հանրային պաշտպանի հաստիքը 5-ով կավելացվի, քանի որ տարեցտարի հանրային պաշտպանի օգնությանը դիմողների թվաքանակը ավելանում է. «2014 թվականին հանրային պաշտպանի ծառայություններից օգտվել են 866 քաղաքացի, իսկ 2015 թվականին՝ արդեն 1836»:
Կենտրոնանանք այս վերջին փաստի վրա. ինչո՞վ է պայմանավորված, որ մեկ տարվա մեջ ավելի քան կրկնակի  ավելացել է հանրային պաշտպաններից օգտվողների թվաքանակը, ովքե՞ր կարող են դիմել հանրային պաշտպանի գրասենյակ, եւ ինչպե՞ս հասկանալ, որ չնայած ներկայացված թվերին, հանրության շրջանում շարունակում է անվստահությունը հանրային պաշտպանի նկատմամբ: Այս հարցերով էլ դիմեցինք ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ:
- Հանրային պաշտպաններին դիմելիության աճը, կարծում եմ, ավելի շատ պայմանավորված է նրանով, որ այս ինստիտուտը տարեցտարի ավելի է կայանում: Քաղաքացիների շրջանում, ովքեր իրականում կարիք ունեն որակյալ իրավական օգնության, ավելի է մեծացել վստահությունը փաստաբանության ինստիտուտի, նաեւ՝ հանրային պաշտպանի գրասենյակի նկատմամբ: Դրա համար ավելի մեծ քանակությամբ քաղաքացիներ են այս ինստիտուտից օգտվում: Հատկապես, որ հանրային պաշտպանի ցուցաբերած օգնությունը որակյալ է` թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական գործերով: 
Ասեմ նաեւ, որ հանրային պաշտպանների ծառայություններից օգտվողների թիվը մեծացել է ինչպես Երեւանում, այնպես էլ՝ մարզերում: Դա է պատճառը, որ պետությունը որոշում է կայացրել ավելացնել հանրային պաշտպանների հաստիքները:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: