Դեպի վեր

Տեղեկատվության ազատության մասին վերապատրաստման դասընթաց՝ պետական մարմինների ՏԱ պատասխանատուների համար

28/04/2016

Ապրիլի 27-28-ին ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ պետական մարմինների տեղեկատվության ազատության պատասխանատուների համար կազմակերպել էր  «Տեղեկատվության ազատությունը որպես պետական մարմինների թափանցիկությունը և պետական ծառայողների բարեվարքությունը խթանելու գործիք» խորագրով վերապատրաստման դասընթաց: Վերջինին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Դեյվիդ Գուլլետտը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ տեղեկատվության ազատության գործիքի կիրառումը պետական մարմիններում շատ կարևոր է՝ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու առումով: Նախարարի տեղակալը հավելել է, որ ուսումնասիրելով մեր հարևան պետության՝ Ադրբեջանի, տեղեկատվության ազատության, մամուլի ազատության հետ կապված խնդիրները եկել է այն եզրակացության, որ ՀՀ-ն այդ առումով շատ առաջ է հարևան պետությունից, իսկ դա խոսում է այն մասին, որ Հայաստանը գնում է ժողովրդավարական ճանապարհով: Փոխնախարարի խոսքով՝ դրա համար պետք է շարունակել աշխատել բաց, թափանցիկ, կատարելագործել տեղեկատվության ազատության օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, որպեսզի ՀՀ քաղաքացին, դիմելով ցանկացած պետական մարմին, ստանա իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Դեյվիդ Գուլլետտն էլ իր խոսքում նշել է, որ ԵԱՀԿ գրասենյակի համար պատիվ է աջակցել միջոցառման անցկացմանը, հավելելով, թե տեղեկատվության ազատությունը շատ կարևոր է: Դեյվիդ Գուլլետտն ընդգծել է, որ տեղեկատվության ազատությունն օգնում է, որպեսզի լրագրողները կարողանան որակյալ տեղեկատվություն տրամադրել հանրությանը:  Նրա խոսքով՝ պետական մարմինների տրամադրության տակ գտնվող ինֆորմացիայի մատչելիությունը մեծ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համար:  Այդ համատեքստում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավարը կարևորել է ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությունը:

Դասընթացի մասնակիցները քննարկել են ազատության իրավական հենքը, տեղեկատվության տրամադրման օբյեկտներն ու սուբյեկտները, այն ստանալու, տրամադրելու եղանակները, մերժման ու բողոքարկման հիմքերը: Ինչպես նաև քննարկվել է տեղեկատվության ազատությունը որպես պետական կառավարման համակարգում հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք, պետական մարմինների պարտավորությունները՝ որպես տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման երաշխիք: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն