Մեկ տարի առաջ բիզնեսը որևէ նշանակալի մասնակցություն չուներ կոռուպցիայի դեմ պայքարում. Սուրեն Քրմոյան

30/05/2016

Կոռուպցիայի դեմ պայքարը ազգային անվտանգության կարևորագույն գործոնն է: Վստահ է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Այսօր «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» աշխատաժողովի մասնակիցներին նա փոխանցեց, որ կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, ըստ որի` քննարկումների արդյունքում վեր են հանվում խնդիրներն ու տրվում լուծումներ: Խոսելով բիզնես ոլորտի մասնակցությունից` նա ընդգծեց. «Մեկ տարի առաջ բիզնեսը որևէ նշանակալի մասնակցություն չուներ կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք հռչակեցինք, որ շատ կարևոր է բիզնեսը հասկանա իր դերն ու տեղը: Առաջին հերթին բիզնեսը կարող է մասնակից լինել կոռուպցիոն գործողությունների: Ի վերջո, կոռուպցիայի դեմ պայքարում շահառու են նաև բիզնես կառույցներն ու միավորումները»: Պայքարի մեկնարկը, որը տրվել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի ջանքերով մեկ տարվա մեջ որոշ հաջողություններ են արձանագրվել. «Ես չեմ ուզում ասել, որ մենք շատ մեծ արդյունքներ ունենք, բայց ուզում եմ նաև չանտեսնենք այն արդյունքները, որ հիմա առկա են: Նախ և առաջ սկսեց բիզնեսը ակտիվանալ, սկսեց խոսել խնդիրների մասին: Վերջերս նաև նկատել ենք, որ բիզնես միավորումները փորձում են կոռուպցիայի հետ կապված հարցերը բարձրաձայնել, քննարկել ու լուծել»: Նա նաև տեղեկացրեց, որ գործադիրը նախատեսել է մի շարք միջոցառումներ` միտված վարչարարության պարզեցմանն ու ժամկետների կրճատմանը, իսկ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծել հասարակության վստահության բարձրացումն է: «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» աշխատաժողովն իրականացվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ: Այս աշխատաժողովի իրականացնողները Իրավաբանների հայկական ասոցիացիան ու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան են, գործընկերները` ՀՀ արդարադատության նախարարությունը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, միջոցառումը համաֆինանսավորվում է «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի կողմից: 


Ակզբնաղբյուրը ՝  http://iravaban.net/128741.html