Դեպի վեր

ԱՆ ներկայացուցիչը մասնակցել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովին

24/09/2016

Սեպտեմբերի 21-22-ը ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը Կիևում մասնակցել է  Տեղեկատվության ազատության մասին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովին՝ ուղղված ազգային կարգավորումների հետագա ամրապնդմանը:

ՀՀ ԱՆ Օրենսդրության վարչության ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել երկու զեկույցով: Առաջինը վերաբերել է ՀՀ տեղեկատվության ազատության գործող կարգավորումներին, ՏԱ օրենսդրության դրական և բացասական կողմերին, ՏԱ ոլորտը կանոնակարգող միջազգային իրավական ակտերին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արձանագրված արդյունքներին:

Համաժողովին Հայաստանի ներկայացուցիչն անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակում մշակված Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգին և այդ հայեցակարգով նախատեսվող նոր կարգավորումներին՝ էլեկտրոնային հարցումներ, հարցմանը ներկայացվող պահանջներ, հարցման պատասխանին ներկայացվող պահանջներ, տեղեկությունների պրոակտիվ հրապարակում և այլն:

Էմիլ Մարգարյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում պատրաստվում է վավերացնել Պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին եվրոպական կոնվենցիան, որի արդյունքում կոնվենցիան կմտնի օրինական ուժի մեջ:

Առանձին անդրադարձ է կատարվել  նաև Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգով նախատեսվող ՏԱ հանձնակատարի ինստիտուտին և նրա լիազորությունների շրջանակին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ 1204-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն