Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Ֆիլիպ Բուայային

21/10/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության գլխավոր ղեկավար Ֆիլիպ Բուայայի գխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն է եղել քննարկել ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող առաջնահերթ ոլորտների՝ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման, արդարադատության իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ՄԻԵԴ պահանջների կատարմանն առնչվող հարցերը:

Նախարար Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ունեցած մշտապես ակտիվ համագործակցությունը և կարևորել 2015 թվականի սեպտեմբերի 18-ին հաստատված նոր գործողությունների ծրագիրը, որտեղ Հայաստանի համար ընդգծված են եղել մի շարք էական նշանակություն ունեցող առաջնահերթություններ: Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրի բազմաթիվ դրույթներ  համահունչ են  գործողությունների ծրագրին, մասնավորապես առաջնային են շարունակում մնալ դատաիրավական բարեփոխումների, մարդու իրավունքների ոլորտները, և կոռուպցիայի դեմ պայքարը:

Աշխատանքային հանդիպմանը Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ Մարդու իրավունքների ռազմավարությանը, ՀՀ և ԵՄ Մարդու իրավունքների պաշտպանության բյուջետային աջակցության համաձայնագրին, ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությանը և այլ հարցերի:

Հանդիպման ընթացքում Ֆիլիպ Բուայան իր գոհունակությունն է հայտնել Արդարադատության նախարարությանը կատարած մեծ աշխատանքի  և համագործակցության համար, ինչպես նաև հույս հայտնել, որ փոխգործակցությունը կխորացվի նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ երեխաների սեռական շահագործման և չարաշահումների դեմ պայքարի, թրաֆիքինգի, թմրանյութերի առք ու վաճառքի, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների առողջական վիճակի բարելավման, ինչպես նաև մարդու սոցիալական իրավունքների լիարժեք իրականացման ուղղությամբ: