Դեպի վեր

Արփինե Հովհաննիսյան. ԵՄ համագործակցությամբ իրականացված ծրագրերը հաջողված են, ճիշտ թիրախավորված և նպատակային

02/02/2017

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Եվրոպական միության գործընկերների հետ այսօր այցելել է ԵՄ ֆինանսական օժանդակությամբ կառուցված Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենք, որտեղ տեղի է ունեցել ցուցատախտակի բացում:

 Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության  Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լորենս Մերեդիթը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, այլ պաշտոնատար անձինք:

 Արփինե Հովհաննիսյանը ՀՀ կառավարության և իր անունից խորին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին սերտ համագործակցության համար և ընդգծել, որ համատեղ իրականացված ծրագրերը ծավալուն են ու համակարգային:

 Նախարարն արձանագրել է, որ Եվրոպական միության հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը հաջողված են, ճիշտ թիրախավորված և նպատակային: «Ուստիև, ականատեսն ենք դառնում թեկուզ դանդաղ, բայց կայուն որակական փոփոխությունների՝ թե արդարադատության համակարգում և թե մեր քաղաքացիների կյանքում»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Եվրոպական միության հետ կայուն համագործակցությունը ապագայում առավել սերտանալու և զարգանալու միտում ունի:

 Քրիստիան Դանիելսոնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրավունքի գերակայությունը յուրաքանչյուր հասարակության հիմնասյունն է, իսկ անկախ ու անկողմնակալ դատական իշխանությունը խնդիրների լուծման հիմնական ուղղությունը:

 Ցուցատախտակի պաշտոնական բացումից հետո ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եվրոպական կառույցի գործընկերների հետ  շրջայց է կատարել դատարանի շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և պայմաններին:

 Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2012 թվականին:

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում կառուցվել և հիմնանորոգվել է 12 դատարանի շենք, ներդրվել է «Դատալեքս» իրավական տեղեկատվական և որոնողական համակարգը, իսկ 27 դատարաններում տեղադրվել են տեղեկատվական կրպակներ,  որոնք թույլ են տալիս մեր քաղաքացիներին առցանց հետևելու իրենց դատական գործի ընթացքին, կարգավիճակին, ստանալու այլ տեղեկատվություն՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության մատչելիությանը և արդյունավետության բարձրացմանը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն