Պրոբացիան վերականգնողական արդարադատության ինստիտուտ է, երբ անձը պատիժը կրում է հասարակության մեջ. Արսեն Նավասարդյան Ա

08/01/2018

Հայաստանում այժմ գործում է պատժիչ արդարադատություն, սակայն ներդվում է նաև պրոբացիայի ինստիտուtը, որը պետք է վերականգնողական, դաստիարկչական արդարադատություն ապահովի: ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ պրոբացիայի ծառայության շահառուներ կարող են լինել միջին և թեթև ծանրության հանցագործություն կատարած անձիք: Նրանք հնարավորություն կունենան իրենց պատիժը կրել քրեակատարողական հիմնարկից դուրս:

-Պարոն Նավասարդյան, փորձ է արվում ներդնել պրոբացիայի ծառայությունը, սակայն շատերը չգիտեն, թե ի՞նչ է այն։ Ի՞նչ է պրոբացիան։

-Պրոբացիան վերականգնողական արդարադատության ինստիտուտ է։ Մենք ունենք պատժիչ համակարգ, մեր գործող արդարադատությունը, ըստ էության, պատժիչ արդարադատություն է, այսինքն, անձին ուղարկում ենք քրեակատարողական հիմնարկ, որպեսզի ինքը կրի ազատազրկում ու մենք պատժի նպատակներին հասնենք այդ միջոցով։ Սակայն պրոբացիան հնարավորություն է տալիս, որ մենք պատժի նպատակներին հասնենք՝ անձին թողնելով հասարակության մեջ թողնելով։ Պետությունն անձին պատժում է, բայց նրան չի ազատազրկում և պայմանով թողնում է հասարակության մեջ՝ կանես այս և այս պայմանները, որ քեզ չուղարկենք քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)։ Պետությունն այդ պահին հարմար չի գտնում նրան ազատազրկել, անձին երկրորդ հնարավորություն է տրվում։ Պրոբացիան մի կողմից պատիժ իրականացնող հիմնարկ է, մյուս կողմից՝ դատապարտյալին աջակցող։ Երբ մենք իրականացնում ենք պատիժը, այդ ընթացքում մենք պետք է կարողանանք անձի հետ աշխատել, որպեսզի ինքն ուղղվի։ Սա կնպաստի կրկնահանցագործության նվազմանը։

-Հայաստանում ներկայումս գոյություն չունի պրոբացիայի առանձին ծառայություն: 2005թ–ին ստեղծվեց պատիժների կրման այլընտրանքային բաժին, 2013-ից փորձ արվեց այն վերափոխել պրոբացիոն ծառայության: Սրանից ելնելով՝ հիմա էլ ՔԿՀ-ներում ծառայության որոշ լիազորություններ կատարվում են, որո՞նք են դրանք և ի՞նչ պետք է հիմա ավելանա, որը կլինի սրանց տարբերությունը։

-Երբ 2005-ին գործում էր այլընտրանքային պատիժների բաժինը, մենք իրականացնում էինք ազատազրկման հետ չկապված պատիժները՝ տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում, և վերահսկողություն անձանց նկատմամբ։ Այսինքն, նրանց ֆունկցիան այն էր, որ որոշ ժամանակահատված պարբերաբար գալիս և ստորագրում էին, հավաստում, որ այստեղ են, եկել ու ներկայացել են։ Զուտ գալ ստորագրել, հավաստագրելով մենք խնդիր չենք լուծում։ Պետք է կարողանանք ունենալ ծրագրեր, ուղղորդենք այդ անձանց, իրենց խնդիրները հասկանանք, իրենց ռիսկայնությունը որոշել, որ երկրորդ անգամ այդ իրավիճակում չհայտնվեն։

-Ովքե՞ր կարող են համարվել պրոբացիայի ծառայության շահառու և պատժի ի՞նչ տեսակներ են սահմանվում։

-Դատավճռով կարող է նշանակվել տուգանք, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, գործունեություն իրականացնելու իրավունքից զրկում, կամ հանրային աշխատանքների պատժատեսակներ։ Եվ փորձաշրջաններ են տրվում՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում։ Օրինակ, անձին ինչ-որ հանցագործության համար պետք է տալ 3 տարի ազատազրկում, բայց չեն ազատազրկում ու գնում է պրոբացիայի ենթակայության տակ կամ եթե հղի են, ունեն մինչև 3 տարեկան երեխա կամ պատիժը հիվանդության պատճառով հետաձգվում է, այս խմբերը ևս հայտնվում են պրոբացիայի ծառայությունում։ 

Սկզբնաղբյուրը ՝ http://iravaban.net/179127.html#ad-image-0