www.e-draft.am-ի այցելությունների թիվը 2017 թվականի դեկտեմբերին գերազանցել է 104 հազարը

10/01/2018

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am –ի այցելությունների թիվը 2017 թվականի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում գերազանցել է 274 հազարը, որից 104 հազար 934-ը՝ դեկտեմբերին:

Պետական մարմինների կողմից կայքում տեղադրված նախագծերի թիվը նախորդ տարում գերազանցել է 600-ը, որից 25-ը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում, իսկ կայքում մշտական գրանցված օգտատերերի թիվը հասել է ավելի քան 10 հազարի: Հատկանշական է, որ e-draft.am կայքի միջոցով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունները շատ հաճախ ներկայացնում են դատավորները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ամբիոնի վարիչները, դասախոսները, փաստաբանները, ուսանողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչը վկայում է կայքի՝ իր նպատակին ծառայելու մասին: 

Հիշեցնենք, որ կայքի միջոցով ապահովվում է ինչպես պետական մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու և առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը՝ իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին:

www.e-draft.am  –ը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ծանոթանալ տեղադրված նախագծերին, դրանց հիմնավորումներին և այլ կից փաստաթղթերին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին: Նման հնարավորության ստեղծումը ապահովում է հանրության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին, այդ թվում՝ հանրային քննարկման մասնակցության միջոցով ունենում է անմիջական ազդեցություն պետության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության ձևավորման հարցում:

Արդարադատության նախարարությունը կարևորում է քաղաքացիական հասարակության և բիզնես հատվածի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին: