«ՔԿՀ-ներում առողջապահական համակարգը բարեփոխվում է». Սուրեն Քրմոյան

03/04/2018

-Նախ խոսենք այն մասին, թե ի՞նչ խնդիրներ ունի Հքրեակատարողական համակարգի բուժծառայությունը ներկայումս։ Ո՞րն է ՔԿՀ-ներում բուժօգնության ոչ պատշաճ  պայմանների պատճառը։

Նախ խնդիրները միայն այս պահի դրությամբ չեն: Խնդիրները տարիներ ի վեր եղել են քրեակատարողական համակարգում։ Ավելին, այդ խնդիրները արձանագրել են թե՛ մեր միջազգային գործընկերները, թե՛  քաղհասարակությունը, թե՛ նաև կառավարությունը, որը նախորդ տարի ընդունեց քրեակատարողական բժշկության ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, որտեղ ամրագրվել են նաև այն հիմքերը, խնդիրները, որ ունի քրեակատարողական համակարգի բժշկությունը։ Մասնավորապես՝ ոչ պատշաճ հագեցվածությունն էր՝ համապատասխան սարքավորումներով, որ մենք, արդեն իսկ՝ նախորդ տարվա ընթացքում, մեծամասամբ լուծել ենք. ձեռք ենք բերել նոր սարքավորումներ, անցկացվել են դասընթացներ բժիշկների համար՝ ինչպես օգտվեն այդ սարքավորումներից։ Խնդիրը նաև կադրային ռեսուրսն է։ Քանի որ քրեակատարողական բժշկությունը կտրված է հանրային առողջապահական համակարգից, ըստ այդմ էլ մեր բժիշկներն ավելի քիչ հնարավորություններ ունեն վերպատրաստվելու, նորագույն գիտելիքներ ձեռքբերելու։ Եվ փորձել ենք այդ խնդիրը նաև հայեցակարգի շրջանակներում լուծել՝ հուշագիր ստորագրելով ԵՊԲՀ-ի հետ, ինտեգրելով նաև բժշկական վերապատրաստման համակարգը։ Նաև խնդիր ունենք ավելի գրավիչ դարձնելու քրեակատարողական բժշկությունը, քանի որ պայմանները մեզ մոտ ավելի դժվար են, քան քաղաքացիական բուժհիմնարկներում. փակ հաստատություններում են աշխատում, հատուկ տիպի կոնտինգենտի հետ։ Այդուհանդերձ՝ մենք փորձում ենք այդ հարցը ևս լուծել՝ ստեղծելով այս նոր կենտրոնը՝ համապատասխան պատշաճ աշխատավարձ, աշխատանքային պայմաններ ապահովելով։ Ամենակարևոր խնդիրն անկախությունն է, քանի որ մինչ օրս այդ  համակարգը գտնվում է քրեակատարողական ծառայության ներքո, և հիմնականում բժիշկները քրեակատարողական ծառայողներ են և զինվորականներ։ Նրանք անմիջապես  ենթարկվում են քրեակատարողական հիմնարկի պետին, և, ըստ այդմ,  Քրեակատարողական վարչությանը։ Այս առումով՝ կարող են տեսականորեն խնդիրներ լինել, երբ որոշումներ ընդունելիս բժիշկներն առաջնորդվում են ոչ միայն պացիենտի շահերով, այլ նաև ծառայության որոշակի խնդիրներ են հաշվի առնում։ Օրինակ, տեղափոխման խնդիր կա, և իրենք հաշվի են առնում, երբ ունեն անձնակազմ, և նմանատիպ այլ խնդիրներ։ Այս առումով՝ ամենակարևոր խնդիրը, որ կար, նաև անկախությունն էր։ Մենք  փորձում ենք  բուժծառայությունն անկախացնել քրեակատարողական ծառայությունից,  որպեսզի որոշումներ ընդունելիս առաջնորդվեն բացառապես պացիենտի շահերով։

Ամբողջական հոդվածը՝ http://legalinfo.am/2018/04/03/%D6%84%D5%AF%D5%B0-%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A8/