Դեպի վեր

Բարեփոխումներ՝ Էլեկտրոնային արդարադատության և ծառայությունների մատուցման ոլորտներում

07/05/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով պետական ծառայությունների մատուցման և էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացված աշխատանքների մասին հանրային իրազեկվածության անհրաժեշտությունը, ներկայացնում է 2017-2018թթ. ընթացքում նշված բնագավառներում իրականացված աշխատանքները:

Մասնավորապես՝

1) 2017թ-ին որպես էլեկտրոնային ժողովրդավարության գործիք ներդրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am  կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը: Կայքում առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկայումս կայքի այցելությունների թվի աննախադեպ աճ է արձանագրվել՝ գերազանցելով օրական 3000-ը, ինչը վկայում է կայքի՝ որպես մասնակցային գործընթացի ապահովման գործուն մեխանիզմի կայացած լինելու մասին: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ապրիլ ամսվա դրությամբ կայքը ունեցել է 112.977 այցելու:

2) Մշակվել և ներդրվել է www.e-penitentiary.am «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր» էլեկտրոնային կառավարման համակարգը, որը ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, բժշկական քարտեր և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

3) ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել են e-notary Էլեկտրոնային համակարգի արդիականացման աշխատանքներ, ինչի արդյունքում ընդլայնվել են e-notary էլեկտրոնային համակարգի գործառույթները, էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ համակցման աշխատանքներ են իրականացվել, ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի, ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: Համակարգի արդիականացման արդյունքում ընդլայնվել են այն նոտարական գործողությունների շրջանակը, որոնք մատուցվում են առցանց եղանակով, զարգացել է առցանց հերթագրման համակարգը, ստեղծվել է նաև առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու հնարավորություն:

5)           ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել և ներկայում պիլոտային կիրարկման փուլում է գտնվում թեժ գծի www.e-hotline.am կայքը, որի նպատակն է Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, ոլորտային խնդիրների լուծումը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից հասարակությանը մատուցվող ծառայությունների` բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովումը:

6)           ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել է էլեկտրոնային ապոստիլի www.e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունել էլեկտրոնային եղանակով, իսկ ստացված ապոստիլների վավերականությունն ստացող պետության իրավասու մարմինը կարող է ստուգել առցանց:

7)    ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել և ներկայում պիլոտային կիրարկման փուլում է գտնվում ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են առցանց եղանակով տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին ուղղել իրենց հարցումը, դիմումը կամ բողոքը և սահմանված ժամկետում ստանալ դրա պատասխանը  առցանց եղանակով:

8)   Ներկայում ՀՀ արդարադատության նախարարության կողմից միջազգային փորձի ուսումնասիրության և տեխնիկական առաջադրանքների մշակման աշխատանքներ են իրականացվում՝ www.e.petition.am հանրագրերի էլեկտրոնային համակարգի, www.e-court.am դատարանների միասնական էլեկտրոնային համակարգի, www.arlis.amՀայաստանի իրավական տեղեկատվական համակարգի արդիականացման, www.e-bancruptcy.am  սնանկության  կառավարիչների  էլեկտրոնային հարթակի ներդրման ուղղություններով:

9)   ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է  բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավական գործիքներին վերաբերելի դասընթացների ներդրման  ծրագիր, որի ներդրման ուղղությամբ համատեղ քայլեր են ձեռնարկվում արդարադատության նախարարության և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև:

10) 2016թ.  հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» կառավարության N 1109-Ն որոշմամբ պետության կողմից իրականացվող շուրջ 67 ծառայություն (այդ թվում՝  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի, ՔԿԱԳ-ի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ և այլն) պատվիրակվել է սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների: Նույն ամսվա դրությամբ օպերատորների ընդհանուր քանակը աճել է՝ հասնելով 9-ի, իսկ 2018 թվականի մայիսի դրությամբ օպերատորների կողմից մատուցվել է 2883 ծառայություն: Միաժամանակ, սպասարկման գրասենյակների ընդհանուր քանակը 2017 թվականի մայիսից մինչև 2018 թվականի մայիսն աճել է՝ հասնելով 164-ի, որից 58-ը գտնվում են Երևանում, իսկ 106-ը՝ ՀՀ մարզերում:

11)  ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը և հարակից օրենսդրական փաթեթը, որով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար, ցանկացած վայրից և ցանկացած պահի՝ ապահովելով նաև պաշտոնական տեղեկատվության՝ ոչ թղթային եղանակով տրամադրելու հնարավորությունը: Փաթեթով առաջարկվում էիրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացն ամբողջությամբ իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ բոլոր գրանցումների համար առցանց դիմելու հնարավորությամբ:

12) Ընդունվել են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնց հիման վրա ՀՀ համապատասխան գերատեսչություններում լիցենզիաների միասնական էլեկտրոնային www.e-license.am  գրանցամատյանի ներդրման և պիլոտային կիրարկման աշխատանքներ են իրականացվում:

13) ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 350-Ն որոշումը, ինչի արդյունքում դատարանների կողմից օրենքով սահմանված փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն փոխանցելու հնարավորություն է ստեղծվել՝ էապես կրճատելով թղթային փաստաթղթաշրջանառությունը դատական գործընթացներում և ապահովելով դատարանների և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև արագ և արդյունավետ կապը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն