Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը

25/05/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Արդարադատության նախարարության, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի հետ համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող մասնավոր հատվածին խոչընդոտող կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկման երկրորդ փուլը:

Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը, կարևորելով պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը, նրանց ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից գործարկված մի շարք էլեկտրոնային հարթակներ, որոնք էականորեն պարզեցնում են գործարար հատվածի հաղորդակցումը պետական մարմինների հետ: Այս համատեսքտում անդրադարձ է կատրվել մասնավորապես՝ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին և e-hotline.am  Արդարադատության նախարարության թեժ գծի ծառայությանը:

Նախարաիի տեղակալը առաջարկել է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ներկայացնել այն վարչական խոչընդոտներն ու կոռուպցիոն ռիսկերը, որոնք հնարավոր է լուծել համատեղ ջանքերով, այդ թվում՝ ինովացիոն և էլեկտրոնային գործիքների կիրառմամբ: Հանդիպման մասնակիցների կողմից բարձրաձայնված խնդիրների շարքում առանձնացել են մաքսային պահետներում դեղամիջոցների պահպանման կանոններին, բնակավայրերից դուրս նորաստեղծ ձեռնարկատիրական օբյեկտների էլեկտրամատակարարման ցանցին միացնելու ժամանակահատվածին, անկանխիկ գործարքների դեպքում գանձվող գումարների տոկոսադրույքներին, էլեկտրոնային տարբերակով դատական համակարգ մուտքագրվող վճարման կարգադրությունների սահուն ընթացքի ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն կոռուպցիայի նվազեցմանն ուղղված նորարական առաջարկների, գործուն լուծումների առկայության դեպքում բարձրաձայնել՝ հետևյալ հղմամբ հարցաշարը լրացնելու և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու միջոցով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeGXvT0Vap8qXrVKcYJWrBzCdvTXjdHipYIa2AFV6MD1OUSnQ/viewform?entry.1437911244&entry.1217643669&entry.1049707370&entry.434180485