Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

12/06/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի միջև առկա համագործակցությունն ու նշել, որ նոր Կառավարությունը պատրաստ է կյանքի կոչել երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր ծրագրերը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հաստատել փոխգործակցությունը շարունակելու ու զարգացնելու պատրաստակամությունը: UNICEF-ի ներկայացուցիչը լավագույն օրինակ է համարել Անչափահասների արդարադատության խորհրդի ստեղծումը, որը, նրա գնահատմամբ, արդյունավետ է աշխատում և հույս է հայտնել, որ համագործակցության այս փորձը կտարածվի նաև այլ համատեղ նախաձեռնությունների վրա: Տանյա Ռադոչայը կարևորել է դատավորների և դատախազների համար անցկացված «Անչափահասների պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» հեռաուսուցման ծրագիրն ու Հայաստանի՝ որպես ուղենիշային երկիր «Վե՛րջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերությանն անդամակցությունը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանն ազատազրկման վայրերում ցածր թվով անչափահաս դատապարյալներ ունեցող բացառիկ երկրներից է:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են ընտանեկան օրենսդրության, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն