Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

24/08/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 23-ին այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել կին դատապարտյալների պահման պայմաններին և ԱՄՆ աջակցությամբ ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական մի շարք ծրագրերի արդյունքներին։

Նախարարն ու դեսպանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արտյոմ Մխոյանի և  «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Գայանե Վարդանյանի ուղեկցությամբ շրջել են տարածքում, եղել հանձնուքների ընդունման կետում, ճաշարանում, համակարգչային սենյակում, մարզասրահում, վարսահարդարման սենյակում, բժշկական տեղամասում և դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին։

Նախարար Զեյնալյանին ու դեսպան Միլսին ներկայացվել է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ «Աբովյան» ՔԿՀ-ում պիլոտային եղանակով փորձարկվող տեսազանգի համակարգը, որից օգտվում են մերձավորազգականներիհետկարճատևտեսակցությանհնարավորությունչունեցող, ինչպեսնաևօտարերկրյաքաղաքացիհանդիսացողդատապարտյալները ամսվաընթացքումերկուանգամմինչև 20 րոպետևողությամբ։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարևորել է դատապարտյալների պահման պայմանների բարելավմանն ու զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումն ու այդ համատեքստում բարձր գնահատել միջազգային գործընկերների և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների կողմից նշված խնդիրների լուծման համար իրականացվող ծրագրերը։ Նախարարն ընդգծել է, որ փոխվել է օրենքի հետ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պետական քաղաքականությունը՝ պատժիչ համակարգից անցում է կատարվելու վերականգնողական արդարադատության համակարգի։   «Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պայմանները հեռու են մեր պատկերացումներից, սակայն Կառավարությունը վճռական է դրանք բարելավելու և ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու հարցերում»,- նշել է նախարար Զեյնալյանը։

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ դատապարտյալների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանումը խիստ կարևոր է նրանց հետագա վերաինտեգրումը հասարակությանը դյուրացնելու համար, և «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական ծրագրերը գերազանց օրինակներ են, որ կարող են կիրառվել նաև Հայաստանի այլ ՔԿՀ-ներում: «Ուրախ եմ տեսնել մեր երկու երկրների համագործակցության հաջողված արդյունքները քրեակատարողական բարեփոխումների ասպարեզում. Հայաստանի քրեակատարողական ծառայության աշխատակիցների վերջերս ԱՄՆ կատարած ուսումնաճանաչողական այցից հետո արդեն իսկ ներդրվել են նոր մոտեցումներ»,- ասել է դեսպանը։

«Աբովյան» ՔԿՀ կատարած այցի ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպան Միլսը եղել են նաև ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի կարի արտադրամասում, ինչպես նաև էներգախնայողության ծրագրերի շրջանակում կառուցված արևային ջրատաքացուցիչների տեղամասում։