Մասնագիտական քննարկում՝ պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի բարելավման վերաբերյալ

03/11/2018

Երևանում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը: Քննարկման ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի համագործակցության արդյունքում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ  Սերգեյ Մեղրյանը, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, Վճռաբեկ դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ Ֆինանսների նախարարությունից, Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միությունից, ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմից, Փաստաբանների պալատից, ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամից ու քաղաքացիական հասարակությունից:

Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և նշել, որ պարզեցված վարույթի իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրներով պայմանավորված Արդարադատության նախարարությունը որոշել է նոր նախագիծ մշակել: Դրանից զատ, Տիգրան Մարկոսյանի խոսքով, Բարձրագույն դատական խորհուրդը վերջերս հրապարակել է «Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» հայեցակարգը, որում, ի թիվս այլնի, ևս կարևորվել է դատավորներին քաղաքացիական գործերով բեռնաթափելու գործիքակազմի ներդրման խնդիրը: «Հաշվի առնելով նաև դատավարական տնտեսվարության սկզբունքի լիարժեք իրացման անհրաժեշտությունը՝ որոշվեց Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ մշակել այս նախագիծը, որը հանրային քննարկման է ներկայացվել նաև իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am –ում»,- ասել է Հիմնադրամի տնօրենն ու բոլորին մաղթել արդյունավետ քննարկում:

Մասնագիտական քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին, պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշմանը, որոշումը ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործություններին, պարզեցված վարույթը քննելու կարգին ու ժամկետներին և այլ հարցերին: