Մեկնարկել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը

24/09/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը: Այն իրականցվում է ԵՄ/ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի երկրորդ փուլի շրջանակում և ուղղված է լինելու տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում Արևելյան գործընկերության երկրների սատարմանը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, պետական և հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գալյանը ողջույնի խոսքում նշել է, որ Կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ/ԵԽ գործընկերների կողմից բարեփոխումներին միտված աջակցության պատրաստակամությունը և ընդգծել, որ մեկնարկող ծրագիրը նոր հնարավորություններ է բացում առկա սերտ  համագործակցության խորացման համար:

Սրբուհի Գալյանը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է նաև, որ ներկայում դրվում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը, որի համատեքստում անդրադարձել է Հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրանից բխող միջոցառումների ծրագրի նախագծին՝ հավելելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում այն վերջնական տեսք կաստանա և կմտնի առավել գործնական փուլ: Որպես առաջիկա համագործակցության թիրախային ուղղություն՝ փոխնախարարը նախանշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարողությունների զարգացումը և վստահություն է հայտնել, որ մեկնարկող ծրագրի շրջանակում հնարավոր կլինի հասնել չափելի արդյունքների:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել է Հայաստանի կառավարության ցուցաբերած գործնական պատրաստակամությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում՝ նշելով, որ հակակոռուպցիոն պայքարը նաև հանրային ակնկալիքների առաջահերթություններից է: Դեսպանը հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու ճանապարհին կարևորել է օրենդրական բարեփոխումների շարունակականությունը, ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորումը և հակակոռուպցիոն կրթությունը՝ ընդգծելով այդ ուղղությամբ պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության անհրաժեշտությունը: