Դեպի վեր

Սրբուհի Գալյան. «Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի ՀՀ վարչապետի աշխատակազմ»

06/12/2019 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝  շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեղ ջանքերով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակում:

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և վստահություն հայտնել, որ շահագրգիռ կողմերի աջակցությամբ մշակված Նախագիծը համահունչ կլինի եվրոպական և միջազգային ստանդարտներին:

Փոխնախարար Գալյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին, Եվրոպական միությանը ցուցաբերած մշտական աջակցության համար, Ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանին, ինչպես նաև աշխատանքային խմբի բոլոր անդամներին՝ տքնաջան աշխատանքի ու ներդրած ջանքերի համար:

Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ ներկայում կատարվում են Նախագծի լրամշակման ու ամփոփման աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո այս տարի այն կուղարկվի ՀՀ վարչապետի աշխատակազմ:

ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան նշել է, որ Հայաստանում դատաիրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներն այս տարի ակնհայտ առաջխաղացում են գրանցել: Այդ համատքստում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը կարևորել է նաև քրեական դատավարության ոլորտի բարեփոխումներն ու Նախագծի մշակումը:

Այնուհետև, Օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանն ու ԵԽ միջազգային փորձագետ Լորենա Բախմայերը մասնակիցներին ներկայացրել են օրակարգային հարցերն ու անդրադարձել վարույթի մասնավոր մասնակիցների և վարույթին օժանդակող անձանց իրավունքներին և պարտականություններին, ձերբակալման և խափանման միջոցների կիրառման իրավաչափության երաշխիքներին, դատական վարույթներում մրցակցության ապահովմանն ու առանձին խոցելի խմբերի իրավաչափ շահերի պաշտպանության հավելյալ երաշխիքներին:

Հանդիպման ընթացքում շահակից կողմերը բարձրացրել են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին առնչող մի շարք հարցեր, ինչպես նաև հանդես են եկել առաջարկներով:

Ծրագիրը նպաստում է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջընթացին՝ տրամադրելով օրենսդրական, մեթոդաբանական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված աջակցություն: Ծրագրի կողմից նաև տրամադրվում է փորձագիտական աջակցութուն քրեական օրենսդրության մշակման և կիրառման ողջ գործընթացի ընթացքում: Սա ներառում է նաև Արդարադատության ակադեմիայում դատավորներին և դատական ծառայողներին վերապատրաստելու, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտի կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված գործողություններ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն