Կառավարությունն այսօր հաստատեց Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերը

21/05/2020

Կառավարության այսօրվա նիստում հաստատեցվեցին Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերը:

Երկու օրենսգրքերի ընդունման արդյունքում ակնկալվում են համակարգային փոփոխություններ:

       Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծով.

1)     Հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները և դրանցում նախատեսվել են նաև հանցանք կատարած անձին իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկելը, նրան որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելը, հասարակությունում նրա վերաինտեգրումն ապահովելը։ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության նպատակներին համահունչ՝ Նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Հատկանշական է, որ Նախագծում առկա կարգավորումները միտված են հենց այս նպատակի իրականացմանը, որը պետք է նպաստի պետությունում հանցավորության մակարդակի նվազեցմանը։

2)    Այդ առումով, օրինակ՝ վերանայվել է պատիժների համակարգը, ընդարձակվել է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը՝ նախատեսելով այլընտրանքային նոր պատժատեսակներ, օրինակ՝ ազատության սահմանափակումը («տնային կալանք»), օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը։ Կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ պատժատեսակի կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Հանրային աշխատանքներն ուղղակիորեն նախատեսվել են հոդվածների սանկցիաներում և դատարանները կարող են առանց որևէ նախապայմանի նշանակել այդ պատժատեսակը:

3)    Պատիժների համակարգին անդրադառնալիս նշենք, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներին համահունչ, պատժի նշանակման առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել համաձայնեցման և համագործակցության վարույթների դեպքում:

 Հարկ է նշել, որ համագործակցության վարույթը կարող է կիրառվել ծանր, առանձնապես ծանր կամ Օրենսգրքի հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և դրանք կատարած անձանց պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով: Այս դեպքում անձը կարող է օգտվել որոշակի «բոնուսներից», օրինակ՝ եթե նա նպաստել է ծանր հանցագործության բացահայտմանը, ապա նրա նկատմամբ կարող է պատիժը պայմանականորեն չկիրառվել:

Համաձայնեցման վարույթի դեպքում, եթե մեղադրյալն ընդունում է իր մեղքը, ապա նախնական դատալսումների ընթացքում բանակցությունների արդյունքում կարող է որոշվել նրա նկատմամբ կիրառման ենթակա պատժատեսակն ու դրա պատժաչափը: Այս վարույթի կիրառման դեպքում դատարանը չի հետազոտում ապացույցները, և համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու դեպքում անձի  նկատմամբ նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կամ ժամկետի մեկ երկրորդը: Համաձայնեցման վարույթ կիրառելը արգելք չէ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

4) Նախագծում տրվել են քրեական օրենսգրքում գործածվող մի շարք հասկացությունների սահմանումները: Օրինակ՝ սահմանվել է «հափշտակության» հասկացությունը, ինչը գործող Օրենսգրքի պայմաններում դարձել է բացառապես տեսական աղբյուրների մեկնաբանման առարկա՝ հանգեցնելով գործնական խնդիրների առաջացմանը: Սահմանվել է, որ հափշտակությունը ուրիշի գույքն ապօրինի, անհատույց հանցավորինը կամ այլ անձինը դարձնելն է: Հափշտակությունն ավարտված է համարվում, եթե հանցավորն այդ գույքն ապօրինաբար տնօրինելու, կամ ապօրինաբար օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել:

5) Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության առանձնահատկությունները: Առանձին անդրադարձ է կատարվել նաև քսանմեկ տարին չլրացած անձանց՝ որոշ դեպքերում անչափահասների համար նախատեսված նորմերը տարածելով նաև քսանմեկ տարին չլրացած անձանց նկատմամբ: Նախագծի որդեգրած մոտեցման համաձայն՝ այս կատերգորիայի անձանց նկատմամբ քրեաիրավական ներգործության հիմնական տեսակներ, ըստ առաջնայնության, պետք է համարել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները, պայմանական դատապարտումը, ապա նոր միայն պատիժը: Հատկանշական է, որ հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, նախատեսվել է, որ հանցանքը կատարելիս տասնութ տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել:

6) Սահմանվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, պատիժների համակարգը: Իրավաբանական անձանց համար քրեական պատասխանատվություն նախատեսելու անհրաժեշտությունը հիմնավորվում է Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայով, Տնտեսական համագործակցության և  զարգացման կազմակերպության 2018 թվականի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի չորրորդ փուլի գնահատման արդյունքներով: Նախագծով նախատեսվել է, որ իրավաբանական անձի նկատմամբ կարող են նշանակվել հետևյալ քրեաիրավական ներգործության միջոցները՝ տուգանք, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցում, պետական գնումներին մասնակցելու արգելք, հարկադիր լուծարում և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելք: Հատկանշական է, որ միջազգային փորձի հաշվառմամբ քրեական պատասխանատվության ենթակա չեն լինելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ՊՈԱԿ-ները, Կենտրոնական բանկը:

 Հաշվի առնելով Կենտրոնական բանկի առաջարկը, միջազգային փորձը և երկրում վարվող դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության ապահովման հրամայականը՝ նախատեսվել է, որ քրեաիրավական ներգործության միջոցները բանկի նկատմամբ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական  բանկի կողմից քրեաիրավական ներգործության տվյալ միջոցի կիրառման և դրա հետևանքների մասին տրամադրած կարծիքը:

7) Հստակեցվել և կատարելագործվել է պատժից ազատելու ինստիտուտը, մասնավորապես` պատիժը պայմանականորեն չկիրառելը, վերանայվել է պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը: Ընդլայնվել է պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի վրա դրվող պարտականությունների ցանկը (օրինակ՝ մասնակցությունը կրթական և մշակութային ծրագրերին, այդ թվում՝ նոր արհեստ կամ մասնագիտություն ձեռք բերելը, ներգրավվել հանրօգուտ աշխատանքներում և այլն): Վերաիմաստավորվել է պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը: Գործող օրենսգրքի պայմաններում այս ինստիտուտը կարծես նույնացվում է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հետ: Այս խնդիրը լուծելու նպատակով  նախատեսվել է, որ եթե դատավճիռը կայացնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ որոնց հետևանքով նշանակված պատժատեսակի կատարումն անհնարին է  դարձել, ապա դատարանը նշանակված հիմնական կամ լրացուցիչ պատիժը կամ դրա չկրած մասը փոխարինում է ավելի մեղմ պատժով, իսկ պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու անհնարինության դեպքում` դատապարտյալին ազատում է պատիժը կրելուց:

8) Սահմանվել է անվտանգության միջոցների և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների համակարգը: Ի տարբերություն պատժի, այս միջոցների նպատակը ոչ թե հանցանք կատարած անձի ուղղումը կամ սոցիալական արդարության վերականգնումն է, այլ քրեական օրենսգրքով սահմանված արարք կատարած անձի «վտանգավոր վիճակի» չեզոքացումը, հնարավոր հանցավոր արարքների կանխումը, անձի վերասոցիալականացումը: Նման միջոցների շարքին են դասվում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները, որոշակի վայրեր այցելելու արգելքը և հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը: Անվտանգության միջոցները կարող են կիրառվել ինչպես պատժի հետ զուգակցված, այնպես էլ առանց  պատժի հետ զուգակցելու՝ որպես ինքնուրույն ներգործության միջոց, այդ թվում՝ անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:

Նախագծի Հատուկ մասը կառուցվել  է հետևյալ սկզբունքային դրույթների վրա.

1)       Հիմք ընդունելով այն, որ ժամանակակից պահանջներին համապատասխանող քրեական օրենքը պետք է առավելագույնս հիմնված լինի իրավակիրառ պրակտիկայի պահանջմունքների վրա՝ նախատեսվել են հանցանքների և քաղաքացիական իրավախախտումների, ինչպես նաև հանցանքների և վարչաիրավական խախտումների սահմանազատման հստակ չափանիշներ:

2)      Մի շարք հանցակազմերի դիսպոզիցիաներն ու սանկցիաները էական փոփոխությունների են ենթարկվել՝ հիմքում ունենալով սանկցիաների համաչափության ու հիմնավորվածության սկզբունքի իրացման պահանջը։ Բացի այդ, հաշվի առնելով գործնական կիրառման արդյունքում ծագած խնդիրները՝ մի շարք հանցակազմեր հստակեցվել են (օրինակ՝ հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները չվճարելը․․․):

3)       Վերանայվել են քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքները (օրինակ՝ որպես ծանրացնող հանգամանք է դիտարկվել հանցանքը իշխանական կամ ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կատարելը կամ դիտավորյալ հանցանքը անչափահասի նկատմամբ, նրա հետ համատեղ կամ հանցավորի արարքի բնույթը գիտակցող անչափահասի ներկայությամբ կատարելը, եթե հանցավորը գիտակցում է, որ անձն անչափահաս է):

4) Նախագծի գործողության արդյունավետությունն ապահովելու նպատակով բացառվել են բոլոր այն դեպքերը, երբ ընդհանուր բնույթի հանցագործությունները նախատեսված են որպես հատուկ օբյեկտների դեմ ուղղված հանցագործությունների հանցակազմի հատկանիշ կամ ծանրացնող հանգամանք (օրինակ՝ հասարակական, քաղաքական կամ պետական գործչի սպանությունը նախատեսված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շարքում):

 

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագծով

մասնավորապես նախատեսվում է.

1) Վերացնել քրեական գործի հարուցման (նյութերի նախապատրաստման) փուլը. այն ներառել նախաքննության՝ որպես մինչդատական վարույթի իրականացման միակ եղանակի բովանդակության մեջ, օպերատիվ-հետախուզական գործունեությունը ներառել քրեական դատավարության օրենսգրքի մեջ՝ այն նկարագրելով որպես քննիչի հանձնարարությամբ կատարվող գաղտնի քննչական գործողությունների իրականացում, որի նպատակը այդպիսի գործողությունների արդյունքում ապացույցների ստացումն է։ Այսինքն, ներկայում առկա՝ որոշակի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկություններն ուղղակիորեն նախաքննության ընթացքում որպես ապացույց օգտագործելու արգելքը վերանալու է։       
 Նախագծով հանցագործության մասին հաղորդում ստանալու կամ անմիջականորեն հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու պահից նախաքննությունը համարվելու է սկսված:         
 Նախագծում վերացվել է հետաքննությունը՝ որպես վարույթի ինքնուրույն փուլ: Այսպիսի կարգավորումը պայմանավորված է նրանով, որ հետաքննությունը միայն երկարաձգում է քննության առավել պրոֆեսիոնալ ձևի՝ նախաքննության իրականացումը և ոչ մի էական առավելություն չի տալիս, այլ ընդհակառակը, երբեմն նույնիսկ խոչընդոտում է նախաքննության արդյունավետ իրականացմանը, քանի որ նախնական քննության սկզբնական այդ փուլում կատարված գործողությունների արդյունքում ձեռք բերված նյութերը ոչ միշտ են պատշաճ կարգով ամրագրվում, իսկ որոշ դեպքերում կատարված գործողությունների արդյունքում ստացված նյութին ապացույցի կարգավիճակ տալու համար նույն գործությունը կրկնվում է նախաքննության ընթացքում։ Ուստի, ելնելով քրեադատավարական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից՝ Նախագիծը հրաժարվել է նաև հետաքննության փուլից և նախաքննությունը դարձրել քրեական վարույթի սկզբնական փուլ:                
Այնուամենայնիվ, հետաքննությունը՝ որպես գործունեության ձև, Նախագծով պահպանվել է, բայց փոխվել է այդ գործունեության բովանդակությունը՝ դրանում ներառելով քրեադատավարական կարգավորում ստացած օպերատիվ-հետախուզական գործունեությունը: Ինչպես նշվեց, նախաքննության ընթացքում հետաքննության մարմնի կողմից քննիչի հանձնարարությամբ իրականացվող առանձին օպերատիվ-հետախուզական միջոցառումները համարվելու են գաղտնի քննչական գործողություններ (օրինակ` հեռախոսային խոսակցությունները լսելը, նամակագրությունը վերահսկելը, ներքին դիտումը և այլն), որոնց արդյունքները ապացուցողական նշանակություն են ստանալու միայն դատավարական բոլոր երաշխիքների ապահովման պայմաններում (դատարանի որոշում, քննիչի գրավոր հանձնարարություն, օրենքով սահմանված ընթացակարգ և այլն): Օպերատիվ-հետախուզական գործունեությունը քրեական դատավարության օրենսգիրք ինկորպորացնելը և քրեական վարույթի ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործընթացը հետաքննություն անվանելը նպատակ է հետապնդում այդ ինստիտուտը դարձնել առավել կանխատեսելի, ինչպես նաև նման գործողությունները ներառել դատախազական հսկողության տիրույթում, ինչը քրեական ընթացակարգի շրջանակներում անձի իրավունքների և օրինական շահերի ապահովման կարևոր գրավական է:          

Նախատեսվում է նաև՝          

2) Հստակեցնել հարկադրանքի միջոցների, ներառյալ՝ ձերբակալման և կալանքի կիրառման նպատակները, հիմքերը և ընթացակարգերը, ընդլայնել և օպտիմալացնել խափանման միջոցների շրջանակը:  

Նախագծով վերանայվել են ձերբակալման տեսակները, որի ուժով, որպես ձերբակալման առանձին տեսակ, նախատեսվել է ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալումը:

Խափանման միջոցների համակարգի կարգավորումն ընթացել է երկու հիմնական ճանապարհով.

ա. hնարավորինս ընդլայնվել է խափանման միջոցների շրջանակը՝ նախատեսելով վարույթի ընթացքում դատավարության համապատասխան մասնակցի պատշաճ վարքագիծն ապահովող այլ երաշխիքներ: Մասնավորապես, նախատեսվել են  խափանման միջոցի  այնպիսի նոր տեսակներ, ինչպես օրինակ՝ տնային կալանքը, վարչական հսկողությունը:

բ. հնարավորինս հստակեցվել են խափանման միջոցի կիրառման պայմանները և ընթացակարգերը՝ անհիմն կալանավորման դեպքերից խուսափելու և կալանքը որպես խափանման միջոց անօրինական կիրառելու դեպքերը բացառելու համար: 

3) Նախագծով նախատեսվել է նաև ռեաբիլիտացիայի ինստիտուտ, ինչը ենթադրում է տվյալ քրեական վարույթի շրջանակներում արդարացվածի կրած վնասների հատուցման հնարավորություն: Գործող քրեադատավարական օրենսդրական կարգավորումների շրջանակներում հստակեցված չեն այն հիմքերը և  ընթացակարգերը,  որոնց միջոցով արդարացվածը կարող է ստանալ կրած վնասների հատուցման հնարավորություն, ինչի հետևանքով արդարացվածի իրավունքները հաճախ անհամաչափորեն սահմանափակվում են: Նախագծով սահմանվել են անձի՝ ռեաբիլիտացիա պահանջելու իրավունքի իրացման  հիմքերը, նախատեսվել է, որ դատավճռում պետք է շարադրվեն, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն արդարացված մեղադրյալի ռեաբիլիտացիայի համար:

4) Նախատեսել է մինչդատական վարույթի ընթացքում դատավորի ներկայությամբ անձին հարցաքննելու (ցուցմունքը դեպոնացնելու) ընթացակարգ: Մասնավորապես, ցուցմունքների դատական դեպոնացումը կատարվում է մեղադրյալի խոստովանական ցուցմունքի ստացման իրավաչափությունը և (կամ)  դատաքննությանը ներկայանալու հնարավորություն չունենալու կամ դատաքննության ընթացքում իրավաչափորեն ցուցմունք չտալու հիմնավոր ենթադրության պարագայում՝ պատշաճ ապացուցումն ապահովելու նպատակով:

5) Նախագծում նախատեսվել են նաև մեր իրավական համակարգի համար նորամուծություն հանդիսացող տարբերակված վարույթներ

ա. մասնավոր մեղադրանքով վարույթ (առանց նախաքննության) - մասնավոր մեղադրանքով վարույթը կարող է նախաձեռնվել այն դեպքում, երբ անձը, ով բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում նախատեսված արարքներով իրեն պատճառվել է վնաս, քրեական հայց է ներկայացնում դատարան:

Համաձայնեցման և համագործակցության վարույթները, որոնց մասին խոսեցի քրեական օրենսգրքի նախագծի ներկայացման ընթացքում։

 բ. համաձայնեցման վարույթ - դատարանը համաձայնեցման վարույթ կիրառում է հանրային մեղադրանքով նախնական դատալսումների ընթացքում` ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող մեղադրյալի միջնորդության հիման վրա: Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց հետո հանրային մեղադրողը  համաձայնության գալու նպատակով բանակցություններ է սկսում մեղադրյալի և նրա պաշտպանի հետ:  Հատուցման ենթակա վնասի բնույթի և չափի վերաբերյալ համաձայնության գալուց հետո կողմերը բանակցություններ են սկսում մեղադրյալի նկատմամբ կիրառման ենթակա պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ:

գ. համագործակցության վարույթ - Վարույթը կարող է կիրառվել ըստ ծանրության աստիճանի բոլոր հանցագործությունների դեպքում: Համագործակցության վարույթի կիրառման դեպքում մեղադրյալը և վարույթն իրականացող մարմինը կնքում են  համագործակցության համաձայնագիր, որի մեջ մասնավորապես նշվում է համագործակցության բնույթը և այն գործողությունները, որոնք մեղադրյալը պարտավորվում է կատարել համագործակցության նպատակին հասնելու համար և ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմերը, որոնք կիրառվելու են համաձայնագրով նախատեսված պարտականությունները մեղադրյալի կողմից պատշաճ կատարելու դեպքում

դ. իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ - պայմանավորված իրավաբանական անձանց որպես քրեական պատասխանատվության սուբյեկտ նախատեսելու հանգամանքով՝ Նախագծում սահմանվել է առանձին վարույթ:

6) Նախատեսելվել է դատական ակտի կայացման երկփուլ կարգ՝ վերդիկտ և դատավճիռ: Հիմնական դատալսումների արդյունքում կայացվում է վերդիկտ, որում լուծվում է  անձի մեղավորության հարցը, վերդիկտ կայացնելուց հետո անցկացվում են լրացուցիչ դատալսումներ՝ արդարացված մեղադրյալի ռեաբիլիտացիայի հարցը, դատապարտված մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների, պատժի վերաբերյալ հարցերը,  հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման հարցը և վերաբերելի այլ հարցերը լուծելու նպատակով: Լրացուցիչ դատալսումների արդյունքում դատարանը կայացնում է դատավճիռ: Դատավճռում լուծվում են քննության առարկա դարձած բոլոր հարցերը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, քրեական վարույթը համակարգված ձևով կանոնակարգող, սկզբունքորեն նոր օրենսգիրք, որը թույլ կտա քրեական դատավարության շրջանակներում ապահովել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, քրեական արդարադատության ոլորտում բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը և դատարանի դերը, սահմանել ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթների իրականացման արդյունավետ կարգ, ինչպես նաև իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա երաշխավորել քրեադատավարական ոլորտ ներգրավված անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանությունը:

Կատարված աշխատանքի համար արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի Խորհրդին և Նախագիծը մշակած աշխատանքային խմբին: