Կառավարության հակակոռուպցիոն նոր ծրագրի առաջնահերթ իրականացման ոլորտներն են լինելու կրթությունը, առողջապահությունը, պետեկամուտների հավաքագրումը, ոստիկանությունը

10/04/2014

 Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունված որոշմամբ հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը: Հայեցակարգը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է: 
 Հայեցակարգի նախագիծը նախապատրաստվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբում ընգրկվել են ՀՀ կառավարության, այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներ: Հայեցակարգի նախագիծը նաև քննարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմի հետ:
 Հայեցակարգով, մասնավորապես, նախատեսվում է միջազգային չափանիշերին համապատասխան փոփոխել կոռուպցիայի դեմ պայքարի գործող ինստիտուցիոնալ համակարգը: Հայեցակարգի հիման վրա ընդունվող իրավական ակտերով նախատեսվում է վերանայել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձևավորման սկզբունքները, գործառույթները, գործունեության կարգը, ինչպես նաև ձևավորել մշտապես գործող, անկախ փորձագիտական հանձնախումբ, որն ապահովելու է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացումը: 
 Հայեցակարգը միտված է բարձրացնելու հասարակության վստահությունը հանրային կառավարման համակարգի նկատմամբ, ձևավորելու բարեխիղճ և պատասխանատու հանրային ծառայություն, ինչպես նաև ապահովելու կառավարման թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը:
 Հայեցակարգի դրույթներն իրացվելու են դրա հիման վրա ՀՀ կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան ընդունվող հակակոռուպցիոն ռազմավարության և ոլորտային ծրագրերի միջոցով: 
 ՀՀ կառավորության որոշման համաձայն՝ մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկմանը պետք է ներկայացվի քաղաքացիական հասարակության մասնակցությամբ մշակված հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որում, որպես հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ, նախատեսվելու են հետևյալ չորս բնագավառները՝ կրթություն, առողջապահություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:

Մանրամասները ՀՀ կառավարության կայքում: