14/04/2020

«Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը հաստատելու և դրանք ներկայացնելու կարգը, ժամկետները սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի N 142-Լ հրաման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«14» ԱՊՐԻԼԻ 2020 Թ.                                                       ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

  

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պրոբացիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Հաստատել պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տարածքային մարմնի կողմից դատական ակտերի, պատիժը կրելուց պայամանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ կազմված զեկույցների, ինչպես նաև շահառուների հետ իրականացվող վերասոցիալականացման աշխատանքների կատարման ընթացքի մասին ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն N 1 Հավելվածի։
  2. Սահմանել, որ`

1) Ծառայության տարածքային մարմինները հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում Ծառայության կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության բաժին (այսուհետ՝ Բաժին) են ներկայացնում հաշվետվություններ՝ դատական ակտերի, պատիժը կրելուց պայամանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ կազմված զեկույցների, ինչպես նաև շահառուների հետ իրականացվող վերասոցիալականացման աշխատանքների կատարման ընթացքի մասին,

2) Հաշվետվությունը Ծառայության կենտրոնական մարմին է ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակ՝ աճողական կարգով,

3) Ծառայության տարածքային մարմինների կողմից հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով։ Տարածքային մարմինների կողմից կարող են ներկայացվել նաև գրավոր պարզաբանումներ հաշվետվությունում ներառված տվյալների վերաբերյալ,

4) Բաժնի կողմից հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է տարածքային մարմինների կողմից տրամադրված հաշվետվության հավաքագրում, ուսումնասիրություն և ամփոփում՝ միասնական հաշվետվության տեսքով,

5) Ծառայության տարածքային մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա Բաժինը կազմում է միասնական կիսամյակային և տարեկան հաշվետվություններ, որոնք հրապարակվում են Ծառայության պաշտոնական կայքէջում։