Դեպի վեր

23/12/2008

ՀՀ արդարադատության նախարարի հրամանը նոտարական գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը եվ նոտարական գրանցամատյանի ձեվը հաստատելու մասին


«Գրանցված է»

 ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10208396

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 223-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել նոտարական գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը և նոտարական գրանցամատյանի ձևը (հավելվածներ N N 1, 2 կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն հրամանը:

 

  Գ. Դանիելյան

 

 

Հավելված N 1

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի դեկտեմբերի 23-ի

N 223-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

  

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

  

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան նոտարների կողմից նոտարական գրանցամատյաններում գրանցումներ կատարելու կարգը և պայմանները:

2. Նոտարները նոտարական գործողությունները գրանցում են նոտարական գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան):

3. Գրանցամատյանը պետք է լինի ժապավենված, թերթերը՝ համարակալված: Թերթերի քանակը պետք է հաստատվի և կնքվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կնիքով: Գրանցամատյանի համարակալման  սխալներ հայտնաբերելիս, այդ մասին կազմվում է տեղեկանք նոտարի ստորագրությամբ:

Գրանցամատյանի կազմի վրա նշվում է նոտարական տարածքը, նոտարի անունը և ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և գրանցամատյանի հերթական համարը:

4. Յուրաքանչյուր տարվա  սկզբից բացվում է նոր գրանցամատյան:

Գրանցամատյանի լրանալուց-ավարտվելուց հետո նոտարները  ստանում են նոր գրանցամատյան:

Նոր գրանցամատյանների տրամադրումը կատարվում է  սույն կարգի 3-րդ կետի համապատասխան:

5. Գրանցամատյանները պահվում են նոտարների մոտ մինչև այդ գրանցամատյանում ամենավերջին գրանցման oրվանից սկսած յոթանասունհինգ տարին լրանալը:

 

II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Նոտարական գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հայերենով: Գրանցումները պետք է լինեն պարզ և ընթեռնելի: Գրանցամատյանում մատիտով գրանցումներ, ինչպես նաև ջնջումներ կատարել չի թույլատրվում, իսկ ուղղումները պետք է ծանոթագրված լինեն գրանցման վերջում` (որտեղ կատարվել է ուղղումը) նոտարի  ստորագրությունից առաջ:

Գրանցամատյանում չլրացված տողերը պետք է ընդգծվեն:

7. Գրանցամատյաններում գրանցման ենթակա են նոտարների կողմից կատարվող բոլոր նոտարական գործողություններն ու գանձված պետական տուրքի և ծառայության վճարները:

8. Յուրաքանչյուր նոտարական գործողություն կրում է առանձին հերթական համար: Գրանցամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վավերացման մակագրությունում:

Եթե նոտարական գործողությունները կատարվում են նոտարական գրասենյակի շենքից դուրս, ապա գրանցամատյանում պետք է նշվի նոտարական գործողության կատարման վայրը:

9. Գրանցամատյանում ծախսերին վերաբերող գրանցումների համար հիմք է հանդիսանում տնտեսական գործառնության կատարման փաստը, որը հիմնավորվում է սկզբնական հաշվառման փաստաթղթերով:

10. Գրանցամատյանում գրանցումները կատարվում են հետևյալ կերպ՝

1) 1-ին սյունակում ցույց է տրվում տարվա  սկզբի նոտարական գործողության հերթական համարը։

2) 2-րդ սյունակում ցույց է տրվում նոտարական գործողության կատարման տարեթիվը, որը պետք է համընկնի նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վրա եղած վավերացման մակագրության տարեթվին:

3) 3-րդ սյունակում ցույց է տրվում այն ֆիզիկական անձանց ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) կամ կազմակերպությունների լրիվ անվանումը և նրանց ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում), որոնց համար կամ որոնց դիմումով կատարվում է նոտարական գործողությունը:

Եթե նոտարական գործողություն կատարելու համար չի ներկայացել այն անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը, որի անունով տրված է փաստաթուղթը, այլ նրա խնդրանքով ներկայացել է մեկ ուրիշ քաղաքացի, ապա նշվում է ներկայացող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) և նրա բնակության վայրը: Այն դեպքում, երբ նոտարի կողմից հաստատված կամ վավերացված փաստաթղթի մեկ oրինակը մնում է նոտարի գործերում, ապա կողմերի գտնվելու կամ բնակության վայրը կարող է չնշվել:

Ստորագրել չկարողացող անձի անունից նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթում՝ 3-րդ  սյունակում նշվում է նաև  ստորագրող անձի անունը, ազգանունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) և նրա բնակության վայրը:

Եթե նոտարական գործողություն կատարելու համար դիմում է կազմակերպություն, կամ նրա առանձնացված  ստորաբաժանումը, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկը, ապա 3-րդ  սյունակում նշվում է նրանց լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ը, գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը։

4) 4-րդ  սյունակում նշվում է նոտարական գործողություն կատարելու համար ներկայացողի անձնագրի կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի համարը, տրման ժամանակը և ում կողմից է տրված, ինչպես նաև գործարքի մասնակիցների գործունակությունը  ստուգելու համար նրանց ծննդյան թվերը:

5) 5-րդ  սյունակում նշվում է կատարվող նոտարական գործողության տեսակը, իսկ գործարքների վավերացման ժամանակ նշվում է միայն այդ գործարքների տեսակը:

Փաստաթղթի պատճենի ճշտության վավերացման ժամանակ այս սյունակում նշվում է փաստաթղթի անվանումը:

6) 6-րդ  սյունակում նշվում է նոտարական գործողությունների համար գանձված պետական տուրքի գումարը:

Եթե օրենքով տվյալ նոտարական գործողության ժամանակ պետական տուրք չի գանձվելու, ապա 6-րդ  սյունակում նշվում է «Պետական տուրքի վճարումից ազատված է (նշվում է պետական տուրքից ազատվելու հիմքը) հիման վրա»: Այսպիսի դեպքում նոտարական կարգով ձևակերպված փաստաթղթեր ստացող անձինք գրանցամատյանի 9-րդ  սյունակում նշում են, որ փաստաթղթերը իրենց կողմից  ստացված են առանց պետական տուրք վճարելու:

7) 7-րդ  սյունակում նշվում է նոտարի կողմից նոտարական գործողության կատարման համար գանձված ծառայության գումարը։

8) 8-րդ սյունակում դրվում է այն անձանց ստորագրությունը, որոնց համար կամ որոնց դիմումով կատարվել է նոտարական գործողությունը:

11. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից  սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում նոտարը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում գրանցամատյանում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:

 

 

Հավելված N 2

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի դեկտեմբերի 23-ի

N 223-Ն հրամանով

  

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

  

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

  

ՆՈՏԱՐ _______________________________________

  

____________________________________ թվականի N

  

N Նոտարական
գործողության
կատարման
ամսաթիվը,
ամիսը,
տարեթիվը
Անձանց կամ նրանց ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը, որոնց համար
կատարված է
նոտարական գործողությունը
Նոտարական գործողությանը ներկայացած անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը Նոտարական
գործողության տեսակը
Գանձված է պետական տուրք կամ նշում պետական գույքի վճարումից ազատված լինելու մասին
(ՀՀ դրամ)
Նոտարական գործողության կատարման համար գանձված ծառայության գումարը
(ՀՀ դրամ)
Այն անձանց ստորագրությունը, որոնց համար կամ որոնց դիմումով կատարվել է նոտարական գործողությունը
1 2 3 4 5 6 7 8
1              
2              
3              
4              
5              
6              
7              
8              
9              
10              
Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն