Դեպի վեր

09/04/2002 Տառատեսակի
չափսը
A A A

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 ապրիլի 2002 թվականի N 363
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աճուրդի անցկացման կանոնակարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է 
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 9-ի N 363 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք (այսուհետև՝ հայտատու) աճուրդի անցկացման մասին պաշտոնական հաղորդագրությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածով սահմանված կարգով մամուլում հրապարակվելու պահից մինչև աճուրդի անցկացման նախորդ օրը ժամը 1600-ն հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետև՝ ԴԱՀԿ ծառայություն) ստորաբաժանում: Հայտին կից ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ հայտով նախատեսված գույքի գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարման մասին: Եթե աճուրդը համարվել է չկայացած՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պատճառներով, ապա կրկնաճուրդի մասնակիցը պետք է հայտին կից ներկայացնի համապատասխան փաստաթուղթ հայտով նախատեսված գույքի գնի 20 տոկոսի չափով նախավճարի վճարման մասին:

 Նախավճարը մուծվում է ԴԱՀԿ ծառայության մարզային ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին:

Մինչև սակարկությունների սկսվելը գույքն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում:

(1-ին կետը լրաց. 31.07.03 N 908-Ն)

2. Աճուրդն անցկացվում է բաց՝ հրապարակային սակարկությունների միջոցով:

3. Աճուրդի մասնակցության համար հայտ ներկայացրած անձանց մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

4. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի կանխիկ մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո, իսկ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը՝ 3 բանկային օրվա ընթացքում: Նախավճարը ենթակա է վերադարձման նաև այն դեպքում, եթե աճուրդը գույքի մեկնարկային գնի հավելում չլինելու պատճառով չի կայացել:

5. Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ մեկնարկային գնի բարձրացմամբ: Աճուրդի մասնակիցների համար, ելնելով գույքի մեկնարկային գնից, սահմանվում են գնի հավելման հետևյալ նվազագույն քայլերը՝

ա) գույքի մեկնարկային գնի մինչև 50000 դրամի դեպքում նվազագույն քայլ չի սահմանվում.

բ) գույքի մեկնարկային գնի 50001-100000 դրամի դեպքում՝ 500 դրամ.

գ) գույքի մեկնարկային գնի 100001-500000 դրամի դեպքում՝ 1000 դրամ.

դ) գույքի մեկնարկային գնի 500001-1000000 դրամի դեպքում՝ 10000 դրամ.

ե) գույքի մեկնարկային գնի 1000001-10000000 դրամի դեպքում՝ 50000 դրամ.

զ) գույքի մեկնարկային գնի 10000000-ից ավելիի դեպքում՝ 100000 դրամ:

6. Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, որն առաջարկել է ամենաբարձր գինը:

7. Աճուրդում հաղթող ճանաչված անձը և հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների մասին արձանագրությունը:

Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:

Եթե հարկադիր կատարողը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաև հատուցել աճուրդին մասնակցելու հետևանքով նրա կրած վնասները:

8. Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում ԴԱՀԿ ծառայության մարզային ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը)՝ հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Այդ գումարը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվում:

9. Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից գնման գինը ԴԱՀԿ ծառայության կամ համապատասխան մարզային ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր: Գույքի վաճառքից ստացված գումարը եռօրյա ժամկետում փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը:

10. Եթե աճուրդում վաճառվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա առուվաճառքի պայմանագիրը և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը հիմք են հանդիսանում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:

11. Աճուրդը հայտարարվում է չկայացած, եթե՝

ա) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.

բ) աճուրդի ընթացքում վաճառվող գույքի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

գ) աճուրդում հաղթող ճանաչված անձը չի մուծել գնման գինը:

Աճուրդը պետք է հայտարարվի չկայացած, ոչ ուշ, քան նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:

12. Չկայացած աճուրդից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում անցկացվում է կրկնակի աճուրդ: «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված պատճառներով յուրաքանչյուր կրկնակի աճուրդ անցկացնելու դեպքում վաճառվող գույքի նախնական գինն իջեցվում է 10 տոկոսով:

13. Երկրորդ և հետագա յուրաքանչյուր աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում գույքը տվյալ աճուրդի մեկնարկային գնով առաջարկվում է պահանջատիրոջը, բացի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեից և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից:

Աճուրդը համարվում է երկրորդ և հետագա, եթե աճուրդը չկայացած է համարվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված պատճառներով։

Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ կան դատարանի՝ բռնագանձման մասին 2 կամ ավելի վճիռներ, ապա գույքը պահանջատերերին առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 70.1-ին հոդվածներով սահմանված կարգով:

Պահանջատերը գույքն իրեն հանձնելու վերաբերյալ իր համաձայնությունը կարող է հայտնել ԴԱՀԿ ծառայությանը՝ մինչև աճուրդի անցկացման նախորդ օրվա ժամը 1600-ն:

Եթե պահանջատերը հրաժարվում է գույքն ստանալուց, ապա աճուրդային գործընթացը շարունակվում է:

(13-րդ կետը փոփ., լրաց. 31.07.03 N 908-Ն)

14. Գրավ դրված գույքի՝ օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում, եթե աճուրդը չկայացած է համարվել աճուրդի ընթացքում որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի հավելում չկատարվելու պատճառով, գրավառուն 7 օրվա ընթացքում իրավունք ունի պահանջելու գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն՝ վճարելով գրավադրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը: Եթե գրավ դրված գույքի տվյալ պահին ձևավորված գինը պակաս է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալու պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

15. Եթե պահանջատերը համաձայնում է ստանալ գույքը, ապա նրա և հարկադիր կատարողի միջև կնքվում է համապատասխան պայմանագիր: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից աճուրդային վաճառքի հետ կապված կատարողական ծախսերը ԴԱՀԿ ծառայությանը վճարելուց հետո:

16. Եթե գույքի գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագրի կնքումը և գույքի հանձնումը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող գույքի գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը:

17. Գույքի հայտնաբերման, զննման, պահատվության, գնահատման, փորձագետի վճարման, պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզման փոստային, հեռախոսային, գրասենյակային, սակարկությունների կազմակերպման ու անցկացման, հարկադիր կատարման ծառայության շինությունների պահպանման, տարածքների վարձակալության, շենքերի և տրանսպորտային միջոցների ձեռքբերման ու շահագործման և մյուս ծախսերն իրականացնել աճուրդների կազմակերպման ու անցկացման ընթացքում գույքի իրացման գնի 5 տոկոսի, իսկ 10 մլն դրամից ավելի գույքի իրացման գնի դեպքում՝ 3 տոկոսի չափով պարտապանից գանձվող գումարների հաշվին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն