12/05/2005

ՀՀ ոստիկանության պետի եվ ՀՀ արդարադատության նախարարի համատեղ հրամանը ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնում հարկադիր կատարողի հատուկ ուսուցումն անցկացնելու կարգը հաստատելու մասին


«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
3 հունիսի 2005 թ. 
Պետական գրանցման թիվ 11205202

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մայիսի 2005 թ.

թիվ 2-Ն

12 մայիսի 2005 թ.

թիվ 63/1-Ն

ք. Երևան


ք. Երևան


 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 154-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի՝

 

Հրամայում ենք`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական կենտրոնում հարկադիր կատարողի հատուկ ուսուցումն անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ՀՀ ոստիկանության պետ,
ոստիկանության 
գեներալ-լեյտենանտ   

ՀՀ արդարադատության

նախարար  

Հ. Հարությունյան

Դ. Հարությունյան

 

 

Հավելված
ՀՀ ոստիկանության պետի և 
ՀՀ արդարադատության նախարարի
2005 թ. մայիսի 12-ի
թիվ 2-Ն համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական կենտրոնում (այսուհետ՝ ուսումնական կենտրոն) հարկադիր կատարողի հատուկ ուսուցումն անցկացնելու կարգը:

2. Հատուկ ուսուցումն անցկացվում է հարկադիր կատարողի կողմից օրենքով նախատեսված հրազեն կամ հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով տեսական և գործնական ունակություններ, հմտություններ ձեռք բերելու համար:

3. Հատուկ ուսուցումը կազմակերպվում և անցկացվում է «Զենքի մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. փետրվարի 10-ի «Հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 154-Ն որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության դասընթացների անցկացման ուսումնական ծրագրի դրույթներին համապատասխան:

4. Հատուկ ուսուցում անցկացնելու նպատակն ու խնդիրներն են.

ա) հարկադիր կատարողի կողմից հրազենի և հատուկ միջոցների հետ վարվելու անհրաժեշտություն առաջացնող իրավիճակներում դրանք գործադրելու կանոնների վերաբերյալ գիտելիքներ, ունակություններ և հմտություններ ձեռք բերելը,

բ) հրազենի և հատուկ միջոցների տեխնիկական բնութագրերի, դրանց բաղկացուցիչ մասերի կառուցվածքի և նշանակության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելը,

գ) հրազեն և հատուկ միջոցներ գործադրելիս, պահելիս և տեղափոխելիս դրանց անվտանգության կանոնների իմացությունը, օրինականության պահպանումը, կարգապահության և անձնական պատասխանատվության բարձրացումը:

 

2. ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

5. Հարկադիր կատարողի հատուկ ուսուցման կազմակերպման ապահովումը իրականացվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժնի կողմից, որի ղեկավարը հանդիսանում է այդ աշխատանքների անմիջական պատասխանատուն:

6. Հարկադիր կատարողների հատուկ ուսուցման անցկացման կոնկրետ ժամկետները որոշվում են համապատասխան կիսամյակային պլան-ժամանակացույցերով:

7. Պլան-ժամանակացույցը կազմվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչության կողմից ուումնական կենտրոնի հետ համատեղ: Պլան-ժամանակացույցը կազմվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժնի կողմից ներկայացված տվյալ կիսամյակի ընթացքում հատուկ ուսուցման ենթակա հարկադիր կատարողների քանակական հայտերի հիման վրա` դրանք ստանալուց հետո 1-ամսյա ժամկետում:

8. Պլան-ժամանակացույցը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից, որի մեկ օրինակն ուղարկվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժին:

9. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժինը պլան-ժամանակացույցին համապատասխան ուսումնական կենտրոն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված հատուկ ուսուցման ենթակա հարկադիր կատարողների խմբերի կազմերը:

10. Հատուկ ուսուցման դասընթացների տևողությունը և բովանդակությունը որոշվում է ուսումնական ծրագրով, որը սահմանում է որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության, անհրաժեշտ գիտելիքների, ունակությունների և հմտությունների ծավալ:

11. Ուսումնական կենտրոնի ուսումնական բաժինը հարկադիր կատարողի հատուկ ուսուցումը կազմակերպում է ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատված հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության դասընթացների անցկացման ուսումնական ծրագրի դրույթներին համապատասխան:

12. Հատուկ ուսուցումը անցկացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով:

13. Հատուկ ուսուցման ընթացքում ուսումնական նյութի և գիտելիքների իմացության ստուգման նպատակով ստուգարքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2002թ. մարտի 15-ի թիվ 101-Ն հրամանի դրույթների համաձայն:

14. Ուսումնական կենտրոնում հարկադիր կատարողների հատուկ ուսուցման դասընթացները սկսելուց 7 (յոթ) օր առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային հաշվին է փոխանցում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված հատուկ պատրաստության դասընթացների անցակցման ծախսերի նախահաշվով նախատեսված գումարը: