ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագիր

Երկրի ապագան և ազգային անվտանգությունը, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով ընդունված պարտականությունների կատարման իրականացման անհրաժեշտությունը պահանջում են վարել երեխաների շահերին նպատակաուղղված պետական քաղաքականություն, քանի որ երեխաների հիմնական պահանջմունքների բավարարումն ամենաշահավետ երկարաժամկետ կապիտալ ներդրումն է, որը կարող են կատարել հասարակությունը և պետությունը:

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման 78-81 կետերի ՀՀ արդարադատության մասով նախատեսված է անչափահասների (իրավախախտ, վկա, տուժող) գործեր քննող դատավորների, անչափահասների գործերով զբաղվող դատախազների, քննիչների, անչափահասների գործերով ոստիկանների, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի և փաստաբանների վերապատրաստումներ, տվյալների միասնական շտեմարանի ստեղծում` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ, գիտական վերլուծություն` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և անչափահասների շրջանում կրկնահանցավորության վերաբերյալ, ինչպես նաև պարբերական մշակութային, մարզական և կրթական միջոցառումներ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անչափահասների համար: