Քաղաքացիների ընդունելություն

Յուրաքանչյուր ամիս ՀՀ արդարադատության նախարարի մոտ տեղի է ունենում քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում նախարարը քննարկում է քաղաքացիների դիմումները, բողոքները, առաջարկությունները և այլ հարցեր:

Յուրաքանչյուր քաղաքացու հատկացվում է 10 րոպե ժամանակ, որը լրանալուն պես վերջինիս ընդունելությունն ավարտվում է:

Ընդունելությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է նախապես խնդրի վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնել՝ նշելով խնդիրը և ընդունելության խնդրանքը: ՎԵՐՈՆՇՅԱԼ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ: Դիմում կարող են ներկայացնել  էլեկտրոնային եղանակով՝  այն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության էլ. փոստի հասցեին՝ info@moj.am կամ այն թղթային տարբերակով ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն (Վազգեն Սարգսյան 3/8):

Եթե գրավոր դիմումում նշված հանգամանքների ուսումնասիրությամբ պարզվում է, որ քաղաքացին ենթակա է ընդունելության ներկայանալու, նա այդ մասին տեղեկացվում է բանավոր՝ ըստ իր տրամադրած կոնտակտային տվյալների, եթե ենթակա չէ ընդունելության ներկայանալու՝ նա այդ մասին տեղեկացվում է գրավոր:

Անձն ընդունելության օրը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:

Նախարարի կողմից ընթացք են տրվում միայն Արդարադատության նախարարության իրավասությանը վերաբերող խնդիրներով ընդունելություն կատարելու վերաբերյալ դիմում-բողոքներին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը, այն է՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նախարարի անունից քաղաքացիների ընդունելությունն իրականացնում են նաև նախարարի տեղակալները:

Նախարարի տեղակալների մոտ ընդունելության եկած անձանց համար կրկնակի ընդունելություն կազմակերպել հնարավոր չէ: Փոխնախարարների մոտ ընդունելության համար ևս գործում է նախարարի մոտ ընդունելության համար սահմանված գրավոր դիմումի վերոշարադրյալ ընթացակարգն առանց բացառությունների: