Հանդիպում ուսանողների հետ՝ դատավորների թեկնածուների միջև սեռային հավասարակշռության թեմայով

12/09/2014

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը և Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը սեպտեմբերի 12-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, հանդիպել են  Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին: 

 Արտյոմ Գեղամյանը կարևորել է նման ձևաչափով մտքերի փոխանակումը և տեղեկացրել, որ դատական համակարգում, եթե սեռերից մեկի ներկայացվածությունը 25%-ից ցածր է, ապա մյուս սեռի ներկայացուցիչներին տրամադրվում է առնվազն 5 տեղ, որը կարող է հավասարապես վերաբերել նաև տղամարդկանց: «Դատական օրենսգիրքը սահմանել է դատական համակարգում նման ներկայացվածության նվազագույն մակարդակը: Մեր խնդիրն է՝ Եվրոպական Միության գործընկերների հետ խրախուսել իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին, որպեսզի նրանք ապագայում ավելի համարձակ քայլեր ձեռնարկեն դատական համակարգում հաջող կարիերա ունենալու ուղղությամբ»,- ասել է նախարարի տեղակալը: 

 Դատավոր Մարգարիտա Հարթենյանն էլ ներկայացրել է դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարակշռության մասին իր դիրքորոշումը, նշելով, որ դատավոր դառնալու ճանապարհը բնավ անհաղթահարելի չէ:

 Նրա խոսքով՝ տարանջատում կնոջ և տղամարդու միջև ուղղակիորեն թույլատրելի չէ:  «Դատավորի խնդիրը արդարադատություն իրականացնելն է. և՛ վարքագծի կանոնները, և՛ դատավորի կարգավիճակին վերաբերող նորմերը միասնական մոտեցում են ցուցաբերում դատավոր անձի նկատմամբ»,- ասել է դատավորն ու կատակել՝ ի վերջո արդարության խորհրդանիշը հին հունական առասպելներում ներկայացվող արդարադատության աստվածուհի Ֆեմիդան է:  

 Հանդիպման նպատակը ուսանողների հետ դատավորների թեկնածուների միջև սեռային հավասարակշռության վերաբերյալ առողջ խոսակցություն վարելն էր:

ՀՀ արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է ուսանողների դերն ու կարծիքը՝ Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ու նախաձեռնությունների շրջանակում: