Ներկայացվել է ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման զեկույցը

30/10/2014

 ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 30-ին անցկացրել է քննարկում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմած ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման զեկույցի վերաբերյալ:

 ՀՀ արդարադատության նախարարի բացման խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և Արդարադատություն նախարարությունը 2014 թվականի փետրվարին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, որով ԺՀՄԻԳ-ը հանձն է առել իրականացնել օրինաստեղծ գործընթացի ամբողջական գնահատում, որը կներառեր բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ: Բացի այդ, մեր գործընկերները համատեղ սեմինարներ անցկացնելու վերաբերյալ պատրաստակամություն էին հայտնել և նշել, որ կաջակցեն Հայաստանում կարգավորիչ դաշտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակմանը: Այն պետք է  ներառեր կոնկրետ միջոցառումներ, և դրանց համար հիմք ընդունվեին այն առաջարկներն ու վերլուծությունները, որոնք իրականացվել ու կատարվել են գնահատման փաստաթղթում: Այս գնահատումը, որը հասանելի է բոլորիդ, ուսումնասիրում է՝ արդյոք Հայաստանում ներկայիս օրենսդրական ընթացակարգը համապատասխանում է ժողովրդավարական, օրինաստեղծ գործընթացի վերաբերյալ գոյություն ունեցող հիմնական չափանիշներին և մոտեցումներին: Կարևորագույն խնդիրներից մեկը, որն արձանագրված է որպես մտահոգություն՝ օրենսդրական գործընթացի ժամանակային սահմանափակվածությունն է և ծանրաբեռնվածության աստիճանը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ թե՛ գործադիր իշխանությունը, թե՛ օրենսդիրը պարբերաբար մեծ ծանրաբեռնվածություն է ունենում: Այդ իսկ պատճառով, երբեմն-երբեմն, նույնիսկ ստիպված ենք լինում արտահերթ նիստեր հրավիրել, որպեսզի կարողանանք հրատապություն ներկայացնող փաթեթները ներկայացնել ԱԺ և կայացնել համապատասխան որոշում: Բնականաբար, ժամանակային այդ սահմանափակումը չի կարող ազդեցութուն չունենալ ընդունվող իրավական ակտերի վրա: Պետք է փորձենք գտնել այնպիսի ուղիներ, որ շտապողականությունը չվնասի ընդունվելիք օրենքի որակին:

 Կարևոր է նաև աշխատանք իրականացնել շահառուների հետ, որովհետև ոչ միշտ է մեզ հաջողվում նրանց հետ բավարար ծավալի աշխատանք իրականացնել՝ հասկանալու համար, թե ինչպիսի հետևանքներ այս իրավական ակտը կարող է ունենալ նրանց համար: Հատկապես ուզում եմ անդրադառնալ հայեցակարգերի խնդրին: Կառավարությունը ձեռնամուխ է եղել մի փաստաթղթի մշակման, որը կոչվում է  մոդելային հայեցակարգ: Մենք բավականին մեծ պրակտիկա ունենք՝ մինչև օրենքների ստեղծումը հայեցակարգային մակարդակով բյուրեղացնում ենք տվյալ դաշտի պատկերացումները և լուծումները, որից հետո, երբ հայեցակարգը հավանության է արժանանում, ձեռնամուխ ենք լինում օրենքի նախագծի մշակմանը. դեռևս այդ հայեցակարգերի մշակման միասնական ստանդարտներ գոյություն չունեն: ՀՀ կառավարությունն այսօր մշակում է հայեցակարգերին ներկայացվող պահանջների ստանդարտներ, որոնց հաստատման պայմաններում մենք հստակություն կունենանք նաև այս ոլորտում: Եվ բոլոր այն գերատեսչությունները, որոնք ձեռնամուխ կլինեն որևէ ոլորտում կարգավորիչ փաստաթուղթ ընդունելուն՝ պետք է կարողանան, հնարավորություն ունենան, նաև պարտավոր լինեն հայեցակարգի մակարդակով շատ գրագետ լուծումներ առաջարկել, հետո նոր անցնել իրավական ակտի մշակման տեխնիկական աշխատանքին:

 Շատ ցավոտ խնդիր է, մեր գործընկերները ևս արձանագրել են, որ մենք տարբեր հաստատություններում չունենք բավարար քանակի ու որակի կադրեր, որոնք կկարողանան իրականացնել  իրավական ակտերի ստեղծման բարդ աշխատանքը: Հիշում եմ, դեռևս երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի մոտ կար մի գաղափար՝ երկրում ստեղծել գիտահետազոտական-վերլուծական կենտրոն, որն էլ կլիներ հիմնական բջիջը, որտեղ կմշակվեին երկրի համար կարևորություն ներկայացնող հիմնական օրենքներն ու օրենսգրքերը: Ցավոք, դրա վերաբերյալ հստակ որոշում կամ դիրքորոշում չարձանագրվեց: Կարծում եմ, արժե այս գաղափարն այսօր դնենք շրջանառության մեջ, որպեսզի կարողանանք միասնական մոտեցում դրսևորել ու մեր երկրում նման կարևոր ու անհրաժեշտ կենտրոն ունենանք : Կառավարության ներքին օղակներում մի գաղափար կա. գտնում ենք, որ գոնե առաջին փուլի համար Արդարադատության նախարարության համակարգում կարելի է ստեղծել մի կառույց, որում ընդգրկված կլինեն ակադեմիական շրջանակի մասնագետներ, որոնք կարող են մեծ ներդրում ունենալ իրավական ակտերի ստեղծման գործում: Կցանկանայի, որ ոլորտի մասնագետները, մեր միջազգային կառույցների գործընկերներն այս գաղափարի շուրջ մտքեր փոխանակեին, հասկանալու համար՝ որքանով է կարևոր այդ առաջարկը:

 Շատ կարևոր է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն այս գործընթացում: Մեր երկրում վերջին տարիներին իրավիճակի բավականին լուրջ փոփոխություն կա, և քաղաքացիական հասարակության ակտիվությունը նույնիսկ անզեն աչքով նկատելի է: Չեմ ուզում վերլուծություններ անել, թե այդ ներգրավվածությունն որքանով է էֆեկտիվ, բայց այն, որ այդ ներգրավվածության ծավալները մեծացել են` ակնառու է:

 Ուզում եմ մի կարևոր խնդրի վրա ուշադրություն հրավիրել: Կարծում եմ` պետք է ինստիտուցիոնալ մակարդակով ամրագրել պետական մարմնի այնպիսի պարտականություն, որ օրենքների մշակման գործընթացը լինի ունիֆիկացված, որովհետև, եթե իրավական ակտերի նախագծերը մշակելիս նկատի ունենք շահառուների իրավունքները, ապա պետք է հաշվի առնենք, որ այդ իրավունքները, որպես կանոն, իրականացվում են հանրային սեկտորի ներկայացուցիչների կամ կազմակերպությունների, այսպես ասած, շուրթերով: Օրինակ՝ մեր երկրում ունենք Հանրային խորհուրդների պրակտիկան. կան նախարարություններ, որոնց կից գործում են Հանրային խորհուրդներ: Մասնավորապես՝ վերջին վեց ամիսների ընթացքում փորձել եմ հնարավորին չափ ակտիվացնել այդ Հանրային խորհրդի գործունեությունը: Երեք նիստ ենք ունեցել, որտեղ փորձել ենք գործընկերների դատին ներկայացնել, ըստ մեզ, կարևորագույն օրենքների նախագծերը, որոնք Կառավարության օղակներում շրջանառվելուց հետո պիտի հայտնվեն Ազգային ժողովում: Իմ կարծիքով` դրական երևույթ է, քանի որ այդ քննարկումների արդյունքում, որոշակի այլընտրանքային կարծիք ստացանք, որը օգտակար է հետագա գործընթացների համար: Շատ ուրախ կլինեմ, որպեսզի կարողանանք լսել այսօր այստեղ գտնվող հանրային խորհրդի ներկայացուցիչների կարծիքները, թե փոխգործակցությունը որքանո՞վ եք արդյունավետ համարում, և եթե այդ փոխգործակցությունը ճիշտ եք համարում, ապա ինչպիսի՞ բարեփոխումներ են անհրաժեշտ իրականացնել այս ոլորտում, որպեսզի ներգրավվածությունը լինի առավել արդյունավետ: Կուզենայի լսել այս հարցում Ձեր մոտեցումները»: