Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր

21/11/2014

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին: 

 Ողջունելով հայաստանյան գործընկերոջը՝ ՌԴ արդարադատության նախարարը  նշել է, որ փոխգործակցության նոր մակարդակ է ակնկալվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացները և Ռուսաստանի դերը այդ պրոցեսներում:

 ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ ՌԴ նախարարի հետ  Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումից հետո սա  երկրորդ հանդիպումն է՝  հավելելով, որ պետք է ակտիվացնել փոխգործակցությունն ու իրավական ինտեգրացիան:

 Կողմերն անդրադարձել են ինտեգրացիոն պրոցեսների իրավական մասնագիտական ուղեկցման կարևորությանը՝ այս համատեքստում  քննարկելով  մասնակից պետությունների փորձի ուսումնասիրությունը: 

 Անդրադարձ է եղել  նաև ՀՀ ԱՆ և ՌԴ ԱՆ միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի թարմացման անհրաժեշտությանը՝  ընդգծելով մի քանի ուղղությամբ աշխատանքային ծրագրեր իրականացնելու կարևորությունը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է  նաև նոտարական ոլորտի, փորձագիտական կենտրոնի և ՔԿԱԳ համակարգի բարեփոխումները, պետության կողմից մատուցվող ծառայությունների բարելավման և «մեկ պատուհանի» ստեղծման գործընթացը:

 Ալեքսանդր Կոնովալովը նշել է, որ պետք է համագործակցել իրավական փոխօգնության հարցերում:  Նա ընդգծել է, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, նորարարական լուծումների առումով միշտ առաջիններից է: Կողմերը դատապարտյալների փոխանակման, փորձագիտական կարողությունների բարելավմանն առնչվող հարցերում համագործակցելու  վերաբերյալ մտքեր են փոխանակել: Կարևորվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակում համագործակցությունը և Հայաստանի գիտնականների, իրավաբանների մշտական մասնակցությունն այդ ֆորումին: ՌԴ արդարադատության նախարարը շեշտել է նաև Հայաստանի հետ կլոր սեղանների, համաժողովների, այլ իրավական միջոցառումների անցկացումը և նշել, որ Սանկտ Պետերբուրգի ֆորումն  այն  հարթակը կլինի, որը կմիավորի հետխորհրդային լավագույն իրավական միտքը:

 Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2015 թվականի այցի օրակարգ ձևավորելու, ստորագրվելիք փաստաթղթերը մշակելու, փորձագիտական, ՔԿԱԳ, քրեակատարողական ոլորտում համագործակցելու հարցերում: