Դեպի վեր

Հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Գեորգ Լինկի գլխավորած պատվիրակության հետ

21/07/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 21-ին ընդունել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինկի գլխավորած պատվիրակությանը:

 Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը և մտքեր փոխանակել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ՀՀ ԱՆ միջև համագործակցությունը խորացնելու շուրջ:

 Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը շեշտել է, որ դեռևս համատեղ շատ աշխատանքներ կան անելու՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու համագործակցությունը մի շարք այլ ոլորտներում: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների կատարած աշխատանքները՝ նշելով նրանց կողմից ներկայացված եզրակացությունների օգտակարությունը և մասնագիտական որակը:

 ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Գեորգ Լինկն իր գոհունակությունն է արտահայտել արդյունավետ համագործակցության խթանմանն ու բարեփոխումներին ուղղված Արդարադատության նախարարության գործադրած ջանքերի համար՝ հավելելով, որ իր ղեկավարած կառույցը նույնպես պատրաստակամ է նպաստելու համատեղ աշխատանքների շարունակմանն ու խորացմանը:

 Եվրոպացի պաշտոնյան համառոտ ներկայացրել է Հայաստանում ընտրական բարեփոխումներին ուղղված իրենց կողմից կատարված աշխատանքներն ու հաշվետվությունը, ինչպես նաև Հայաստանում հավաքների ազատության ոլորտում մոնիտորինգ իրականացնելու ծրագիրը: Ըստ նրա՝ Հայաստանը երբեք չի ենթարկվել նման մոնիտորինգի. Այն կարող է լրացուցիչ օժանդակություն ապահովել՝ հասկանալու առկա խնդիրներն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

 Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ Արսեն Մկրտչյանը նշել է, որ կառույցի կողմից ներկայացված հաշվետվությունները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և կարող են նպաստել ընտրական համակարգում առավել արդյունավետ բարեփոխումներ իրականացնելուն: Իսկ մոնիտորինգը, ըստ նրա, կարևոր գործիքակազմ է կոնկրետ երևույթների ու խնդիրների մասին ավելի խորքային և համապարփակ պատկեր ստանալու համար:

 Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարծիք է հայտնել, որ հավաքների ազատության իրավունքի ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում առկա է բավականին հարուստ փորձ, որի ուսումնասիրության հիման վրա անհրաժեշտության դեպքում կարելի է համագործակցել օրենսդրության բարեփոխման ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ նախարարության գործառույթն այս ոլորտում առավելապես օրենսդրական կարգավորումների կատարելագործումն է:

 Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի հյուրերին այցելության և փոխանցած տեղեկատվության համար՝ ընդգծելով կառույցի կատարած աշխատանքների որակն ու կարևորությունը Հայաստանում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխման տեսանկյունից: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն