Դեպի վեր

Պետռեգիստրում կուսակցություն գրանցելը ոչ թե քաղաքական, այլ իրավական գործընթաց է. Դավիթ Ղուլյան

30/07/2015

 

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը 2015 թվականի հունիսին դիմել էր ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝  կուսակցություն գրանցելու նպատակով, սակայն Պետռեգիստրը, ուսումնասիրելով փաստաթղթերը, գրանցումը մերժելու որոշում էր կայացրել: Մերժման պատճառներն ու հիմքերը հասկանալու համար  «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանի հետ: 
 - «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, թե իշխանությունների կողմից՝   ՀՀ արդարադատության նախարարության «ձեռքերով»,   կուսակցության պետական գրանցումը մերժում են: Որքանո՞վ է դա իրականությանը համապատասխանում:  
- ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այս տարվա հունիսի 3-ին թղթային կրիչով մուտքագրվել էր «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության պետական գրանցման դիմումը: 
Դիմումին կից ներկայացվել էին նաև հիմնադիր համագումարի արձանագրությունը, Կուսակցության նախագահի և լիազորված անձի անձնագրերի պատճենները, 15.04.2015 թվականին azdarar.am ինտերնետային կայքում տրված հայտարարության պատճենը, կուսակցության կենտրոնական գրասենյակի գտնվելու վայրի հասցեի վերաբերյալ տեղեկանքը, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, կուսակցության կանոնադրությունը և կուսակցության ծրագիրը` երկուական օրինակով:  
 
Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում 2015 թվականի հունիսի 24-ին ՀՀ պետական ռեգիստրի գործակալության պետի թիվ 211-Մ-98 որոշմամբ մերժվեց կուսակցության պետական գրանցումը` ներկայացված փաստաթղթերը և կանոնադրությունը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու  հիմքով:  
- Ի՞նչ անհամապատասխանության մասին է խոսքը: Խնդրում եմ մանրամասնել, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցազրույցներում պնդում է, որ միտում է տեսնում այդ ամենում, և եթե, օրինակ, «որևէ իշխանական կուսակցություն գրանցման համար  փաստաթղթեր ներկայացներ, դա մի քանի րոպեում կկազմակերպվեր»: 
- Ի՞նչ միտման մասին է խոսքը: Կուսակցության գրանցման համար մի շարք օրենքների պահանջները բավարարող փաստաթղթեր պետք է ներկայացվեին: Իսկ իրենց կողմից Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում դիմումին կից մուտք էին արվել փաստաթղթեր, որոնցում չէին պահպանվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը, 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթը, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության պահանջը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը և այլն:  
Այսինքն, Կուսակցության գրանցումը մերժելու հիմքերը բացառապես պայմանավորված են վերոնշյալ հանգամանքներով: Եվ այն հայտարարությունը, թե իբր միտում կա այս ամենում, իրականությունից շատ հեռու է: Արդարադատության նախարարությունը գործում է օրենքի շրջանակում. անհնար է իրավական ընթացք տալ որևէ գործընթացի, որում չեն պահպանվում օրենքի հստակ պահանջները: Այնպես որ, հարցը քաղաքականացնել պետք չէ, որովհետև ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում  կուսակցություն գրանցելը ոչ թե քաղաքական, այլ իրավական գործընթաց է: 

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն