Քննարկվել են ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հոլանդացի փորձագետների առաջարկությունները

26/08/2015

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած փորձագետների պատվիրակությունը մասնակցում է Նիդերլանդների Թագավորության Մաաստրիխտ քաղաքում օգոստոսի 24-ին մեկնարկած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ առանձին նախագծերի և ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի նախագծի առանձին իրավակարգավորումների շուրջ հանդիպմանը:

Հանդիպումն իրականացվում է «Հայաստանի արդարադատության համակարգի  անկախության,  պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ԵԽ/ԵՄ համատեղ ծրագրի շրջանակներում: Պատվիրակության կազմում էին նաև Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանը և «Հայաստանի արդարադատության համակարգի  անկախության,  պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ԵԽ/ԵՄ համատեղ ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը:

 Բացելով քննարկումների շարքը՝ նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարևորել է օրենսդրական բարեփոխումների գործընթացում Եվրոպայի Խորհրդի հետ ունեցած սերտ համագործակցությունը և գոհունակությամբ ընդգծել հոլանդացի մասնագետների կատարած ծավալուն խորհրդատվական աշխատանքը:

Նախարարի տեղակալը խնդիր է դրել երկողմանի քննարկումների արդյունքում գտնել այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն ինչպես եվրոպական չափանիշներին, այնպես էլ Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ուղղվածությանը և առկա հիմնախնդիրներին։

 Հանդիպումների ընթացքում օրենսդրական բարեփոխումներում ներգրավված հայաստանյան փորձագետները Մաաստրիխտի համալսարանի Եվրոպական իրավունքի ինստիտուտի գործընկերների հետ քննարկել են ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացում Մաաստրիխտի համալսարանի փորձագետների առաջարկությունները, ինչպես նաև կատարվել է նշված օրենսգրքերին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ լավագույն փորձի փոխանակում:

ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ Նախագահի կարգադրությամբ: